Ս. Հովհան Ոսկեբերանի աղոթքը
Բաց արա, Տե՜ր, իմ` մեղավորի շուրթերը, ինչպես երանելի առաքյալներին, և լցրու մեզ Քո Սուրբ Հոգով` Քեզանից տրված բոլոր շնորհները հաղորդելու Քո ընտրյալներին: Եվ իմ բազում մեղքերի պատճառով մի արքելիր Քո ողորմությունը մեզանից, որ հույսով կանգնած ենք Քո առջև և Քո անբավ գթությունից ենք հայցում:
Քո ծառաներին արժանի արա աստվածային պարգևներիդ. իմաստության ու հանճարի, խորհրդի ու զորության, գիտության ու աստվածպաշտության և Քո երկյուղի Հոգով լցրու մեր մտքերը, և մեր մեջ սուրբ սիրտ, ուղիղ հոգի և մաքուր միտք նորոգիր, Մարդասե՜ր:
Դու, որ նավահանգիստ ես նավողների համար, Քո Սուրբ Հոգով մեր ընթացքն ուղղիր անբիծ ճանապարհի մեջ` միշտ խորհելու Քո օրենքի վրա, պահելու Քո պատվիրանները, կատարելու Քո հրամանները և քարոզելու Քո խոսքերը: Մեր աղոթքներն ու խնդրանքները բարության մեջ ավարտիր:
Դու, որ մեր ախտահարված բնությունը միացրիր Քո անախտ աստվածությանը, և դրանով մեր կարիքներին հաղորդակից եղար և մեր ախտերը բժշկեցիր:
Լսիր մեզ, մեր Փրկիչ Աստված, և խոնարհեցրու Քո ականջը դեպի քո Սուրբ Եկեղեցում հավաքվածներիս երկրպագությունը` սուրբ վերնատան Քո ընտրյալների նմանությամբ:
Սրբիր մեզ մեղքերի բոլոր պղծություններից և Սուրբ Հոգուդ ուղարկիր միաբան հավատացյալներիս մոտ, որպեսզի բնակվի մեր մեջ, լուսավորի մեր մտքերն աստվածգիտության լույսով, առաջնորդի մեզ քո պատվիրաններն ամենայն ճշմարտությամբ պահելու և դարձնի աստվածային կտակարանների օրենսգետ, որը խոսեցին մարգարեները, առաքյալներն ու վարդապետները` Սուրբ Հոգու միջոցով, և որը մեզ սովորեցնելու ու զորացնելու է` ամեն ինչ կատարելու:
Աղաչում և պաղատում ենք Քեզ, որպեսզի հաշտությամբ նայես Քո ժողովրդին` ի գին Քո սուրբ արյան. իմ բազում հանցանքների պատճառով մի անտեսիր նրանց հայցվածները, որովհետև Քո փրկածներն են և դեպի Քեզ են ձեռքերը բարձրացնում ու հաշտություն խնդրում:
Արդ, ընդունիր նրանց մաղթանքների ծնրադրումն ինչպես նոր լուսավորվածներինը, և նրանց ձեռքերի համբարձումն ընդունիր որպես երեկոյան պատարագ, իսկ նրանց աղոթքները` որպես անուշահոտ խունկ Քո բարերար Տերության առջև, և Քո թևերի հովանու տակ ծածկիր նրանց` պահելով երևելի ու աներևույթ թշնամիներից:
Որպեսզի անարատ քրիստոնեությամբ ապրելով այս աշխարհում, Քո բոլոր սուրբերի հետ արժանի լինենք երկնային կյանքիդ. և գոհանալով փառավորենք Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Комментариев нет:
Отправить комментарий