пятница, 22 ноября 2013 г.

ԻՐԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԸ


       Մի հերետիկոս իր աղանդին էր կամենում դարձնել ուղղափառ մի քահանայի, և երբ տեսավ, թե իրենից խորշում է և իր խոսքերը չի ընդունում, նրան ասաց.

– Հավատքիդ մեջ ինքնահավան ու անխոնարհելի ես: Եթե կամենայիր հավատալ
իմ խոսքերին, ես քեզ ցույց կտայի Քրիստոսին, Նրա մորը և Աստծո սրբերին:
Եվ քահանան, հասկանալով, որ այդ ցնորքն ու պատրանքը սատանայինն են, կամենալով փորձել, թե ի՛նչ է այն, նրան ասաց.

– Հիրավի քեզ կհավատամ, եթե կատարես խոստացածդ:

      Այս լսելով` հերետիկոսը հույժ ուրախացավ և նրա համար օր սահմանեց:
Իսկ քահանան, առնելով մասնատուփը տերունական մարմնով, դրեց ծածուկ մի
տեղ` վեղարի տակ: 
      Հերետիկոսը, քահանային առնելով, տարավ մի մեծ լեռան մեջ  գտնվող այր և նրան մեծ ապարանք մտցրեց, որը զարմանալի բոցաճաճանչ լույսով փայլում էր: Եվ երբ ներս մտան, կարգով շարված բազում ոսկեփայլ աթոռներ տեսան: Մի աթոռի վրա թագավորն էր բազմել` մեծ լույսով շրջապատված, նրա աջում` թագուհին` վայելչագեղ ու շատ գեղեցկատես, այս ու այն կողմերում ծերերն էին բազմել` իբրև նահապետներ ու առաքյալներ, իսկ շուրջը հրեշտակների մեծ բազմությունն էր կանգնած, որոնք ամենքն էլ աստղերի պես փայլում էին` կասկածի տեղ չթողնելով, թե դևեր են:

      Այս ամենը երբ հերետիկոսը տեսավ, ընկավ գետին և երկրպագեց` իբրև Աստված:

      Իսկ քահանան անշարժ կանգնած էր, բայց տեսիլքի վրա զարմանում էր: Եվ հերետիկոսը դարձավ քահանային ու ասաց.

– Ինչո՞ւ Աստծո Որդուն փառք չես մատուցում, երկրպագի՛ր նրան, որ բազմած ես
տեսնում և նրա բերանից մեր հավատքի խորհուրդը կուսանես:

      Այնժամ քահանան, մոտենալով, հանեց մասնատուփը և աթոռի վրա բազմած թագուհուն տվեց` ասելով.

– Թե դո՞ւ ես թագուհին` Քրիստոսի մայրը, ահա քո Որդին, ում եթե ընդունես, քեզ
Աստծո մայր կխոստովանեմ:

        Եվ երբ այս ասաց, անմիջապես առ աչոք եղած այդ բովանդակ բազմությունը ոչնչացավ, իսկ նրանք այնքան թանձրամիտ խավարի մեջ մնացին, մինչև որ հազիվ կարողացան այրից դուրս գալ: 

      Ապա հերետիկոսը ուղղափառության դարձավ և սարսափեց` զարմանալով սատանայի հնարագետ խորամանկության վրա:

Комментариев нет:

Отправить комментарий