вторник, 26 ноября 2013 г.

26.11.13թ. - Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր


      Ս. Ղուկիանոս Անտիոքի քահանան ապրել և գործել է երրորդ դարի վերջերին և Դ դարի սկզբներին: 
    Ծնողների մահից հետո իր հայրական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Սբ. Գրքի ուսումնասիրությանը: Կարծիք կա, որ Նոր Կտակարանը Ղունկիանոս քահանայի սրբագրածն է: Անտիոքում աստվածաբանական դպրոց է հիմնում, սակայն Մաքսիմինոս Դաժի հալածանքների ժամանակ ձերբակալվում և աքսորվում է Նիկոմիդիա, ուր ինը տարի բանտարկված մնալուց հետո, 312 թվականին գլխատվում է:

Տարագրոսը, Պրոբոսը և Անդրոնիկոսը զինվորներ և անբաժան ընկերներ էին: Նրանք ևս Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին Քրիստոսին դավանելու համար ձերբակալվում են և տանջանքների մատնվում Տարսոն և Անաբարզա (Անավարզ) քաղաքներում: Նրանք նահատակվում են գլխատվելով Կիլիկյան Անաբարզա քաղաքում, 304 թվականին:

Ս. Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, որին Հռոմում բռնում և բանտ են նետվում: Այնտեղ ծանոթանում է Ս. Պողոս առաքյալի հետ և նրանից մկրտվում: Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է Պողոսին, իսկ նրա մահից հետո քարոզում է Իսպանիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում: Խոր ծերության հասակում ձեռնադրվում է Եփեսոսի եպիսկոպոս, իսկ Տրայանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվում է, ապա քարկոծվում և գլխատվում:

Комментариев нет:

Отправить комментарий