Սուրբ Կղեմես հայրապետի և Տոռոմենայի Բագարատ եպիսկոպոսի հիշատակի օր
Հռոմի սուրբ Կղեմես Հայրապետը
Սուրբ Կղեմես Հայրապետը հայտնի է իբրև առաջինը «Առաքելական հայրերի» շարքի մեջ, որոնց գրվածքներն ընդհանրապես լույս են սփռում մ. թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորությունների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության վրա:
Կղեմեսը Հռոմում հանդիպում է ս. Պետրոս առաքյալին, նրա քարոզչության շնորհիվ մկրտվում է, ձեռնադրություն ստանում և 92 թ. դառնում է Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները՝ հայտնի «Բ առաքելական կանոններ» կամ «Կղեմեսի կանոններ» անվանումով:
Հայսմավուրքը քիչ տեղեկություններ է հայտնում Կղեմեսի մասին. տարվել է հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ՝ քաջաբար խոստովանելով Քրիստոսի աստվածությունը: Ս. Կղեմեսը նահատակության պսակն ընդունել է 98 թ., երբ նրա վզից քարեր են կախում և ծովը նետում:
Սուրբ Բագարատ եպիսկոպոսը
Սուրբ Բագարատ եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտելով ս. Պետրոս առաքյալին և նրանից ձեռնադրություն ստանալով՝ ուղևորվում է Սիլիկիա, դառնում Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ կարողանում է վերացնել այնտեղի կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, ս. Բագրատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է անում նրան: Քաղաքապետը պատժում է չարագործին, իսկ սուրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփում է տապանի մեջ՝ «որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար»:
Հայ Առաքելական Եկեղեցին ս. Կղեմես Հռոմի Հայրապետի և Տոռոմենայի Բագարատ եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակաց Ա. կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
Комментариев нет:
Отправить комментарий