ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏՈՒՄ ԱՐԾԱԹՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մի կին կեղծ աստվածպաշտությամբ էր ապրում. գիշերուզօր աղոթում էր և անդադար ուխտատեղիներ այցելում: Այսպիսի կերպարանված առաքինությամբ ապրելով` մարդկանցից բազմաթիվ իրեր էր վերցնում և մշտապես շատ ոսկեղեն հավաքում, և ինչ որ աստվածասեր քրիստոնյաները տալիս էին՝ քրիստոնյա գերիներին ազատելու համար, նա քսակի մեջ էր դնում, իսկ ինչ տալիս էին կարոտյալների պետքերի համար, արկղի մեջ էր պահում: Այդ կինն իր սենյակում խորը փոս էր փորել, այնտեղ մի մեծ կարաս տեղադրել: Իրեն տրված իրերն այդտեղ էր պահում, վրան էլ քար դնում: Ավաղ անիծյալ ագահությանը, թե ինչպե՞ս է կուրացնում մարդկանց և խավարն ընկղմում:
Բայց կարճ ասած` երբ կարասը լցվեց դրամով, և կնոջ մահվան ժամանակն էլ հասավ, ինչպես որ մեռած էր աստվածատուր հոգով, նաև մարմնով մեռավ ու թաղվեց:
Թաղման արարողակարգից հետո քահանաները կնոջն սպասավորած աղջկան հարցրին.
–Քո տիկինն ի՞նչ էր անում այդքան դրամը, որ նրան էին տալիս:
Նա էլ պատասխանեց.
–Երբեք չեմ տեսել, որ աղքատներին ինչոր բան տար, և չգիտեմ, թե որտե՞ղ էր պահում այն դրամը, որ մարդկանցից էր վերցնում: Միայն գիտեմ, որ ինչ նրան տալիս էին, սենյակ էր տանում և այլևս դուրս չէր հանում: Քահանաները, այս լսելով, զարմացան և փութաջանորեն սկսեցին փնտրել և ահա լսեցին դրամի ձայնը: Քարը գլորելով` մեծ քանակությամμ դրամ գտան և, զարմանալով կնոջ խորամանկության վրա, այս ամենը հայտնեցին եպիսկոպոսին: Իսկ եպիսկոպոսը,
սաստիկ բարկանալով, հրամայեց բացել գերեզմանը և ամμողջ դրամը թափել
մեռած մարմնի վրա` ասելով.
– Ինչ հավաքեցիր, քե՛զ թող լինի, իսկ Քրիստոսի աղքատներին ոչինչ թող չպակասի:
Դրանից հետո մի քանի գիշեր գերեզմանից ձայներ էին լսվում և սաստիկ լաց ու
կոծ: Եվ այս ողբերի մեջ պարզ լսելի եղավ հետևյալ ձայնը. «Վա՜յ ինձ` եղկելիիս, վա՜յ ինձ` ամենաթշվառիս, քանզի այս ոսկին այրում և տոչորում է ոսկորներս»:
Այսպիսի ձայներ լսվեցին երեք գիշեր ու ցերեկ: Եվ շրջակա մարդիկ, չկարողանալով տանել այն, գնացին քահանայի մոտ և նրա հրամանով բացելով տապանը` տեսան, թե ինչպե՛ս էր ոսկին հալվել, կարծես հնոցի մեջ, իսկ կնոջ բերանը՝ պատվել կրակե բոցով:
Այնժամ քահանան աղոթեց Աստծուն, որ նրա մարմնի տանջանքները թեթևանան, որովհետև նրա չարությունը հայտնի էր դարձել մարդկանց առ ի զգուշություն: Այնուհետև ծածկեցին գերեզմանը, և կնոջ ձայնն այլևս չլսվեց:
Комментариев нет:
Отправить комментарий