ՍԻՐՈ ՊԱՏՎԻՐԱՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Այս է պատուէր իմ, զի սիրեսջիք զմիմեանս, որպէս եւ ես սիրեցի զձեզ (Հովհ. ԺԵ 12)
Քիրստոնեական պատվիրանի առաջին և մեծագույն պատվիրանը սերն է: Սեր առ ընկերը, սեր առ մարդը, և սեր առ Աստված: Քրիստոնեական հավատքի ողջ բարոյականը հիմնվել է այդ սիրո վրա և հենց դրա համար էլ մեր Փրկիչն իր նոր կյանքի և նոր աշխարհի օրենք հռչակեց ու ավանդ թողեց իր աշակերտներին սիրո մեծ կտակը՝ «Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ»:
Սիրո այս կտակը կամ քարոզը ցույց է տալիս քրիստոնեական հավատքի գերազանցությունը այլ կրոնների նկատմամբ:
Քրիստոսը ապրեց այդ սիրո կյանքը և այն ավանդ թողեց իր եկեղեցուն: Հիսուսի պատվիրած սերը քրիստոնեա հավատացյալի համար դրոշ է ծառայում: Մարդկության Փրկիչն իր պայքարի և սիրո դրոշը բարձրացրեց աշխարհի անիրավության, չարիքի, տգիտության, մեղքի և մահվան դեմ: Եվ քրիստոնեությունը հաղթանակեց ու հաղթանակում է սիրո այդ մեծ ու հավիտենական քարոզով: Որովհետև Հիսուսի ավանդած սերը՝ դրոշը, մարդկային ձեռագործ չէր, այլ աստվածատուր պարգև էր երկնքից առաքված և այդ մարմնացած սիրո դրոշն ինքը Փրկիչն էր՝ կատարյալ Մարդը, կատարյալ Աստվածը, համակ սերը, մարդկության մարմնացած ու խտացած խիղճը, անարդարության դեմ պայքարի, արդարության ու ճշմարտության հաղթանակի դրոշը:
Աստված այնքան սիրեց աշխարհն ու մարդկությունը, որ նրանց փրկության համար զոհաբերեց իր Միածնին:
Փրկության այս աստվածառաք սերն ազատության կոչ էր բերում ժամանակակից աշխարհին ու մարդկությանը, դա ազատության կոչ էր բերում ճնշվածների, հալածվածների համար. «Եկայք առ իս ամենայն վաստակեալք եւ բեռնաւորք եւ ես հանգուցից զձեզ»:
Քրիստոսի պարգևած սերը, նրա թողած սիրո մեծ պատգամը կերպարանափոխեց աշխարհն ու մարդկային բոլոր հարաբերությունները: Մարդասիրության ու հայրենասիրության ծով սերն ալեկոծում էր Հիսուսի սիրտը, նա իր աստվածային շրթների վրա սիրո, քաջալերության, մխիթարության խոսք ուներ բոլորի համար: Նա սիրում ու տառապում էր մարդկանց հոգու համար, սիրում էր մարդկանց և այդ սիրով ցանկանում էր նրանց բարձրացնել դեպի ճշմարտության, արդարության, առաքինության բարձունքը, դեպի կատարելություն, դեպի Աստված: Եվ հենց դրա համար էլ նոր պատգամ էր տալիս իր աշակերտներին, որոնք իր Ավետարանի լույսն ու ճշմարտությունը պիտի հասցնեին աշխարհի բոլոր կողմերը:
Եվ արդարև, մեր սիրո Փրկիչը, ինչպես նրան կոչում էր Շնորհալին (սեր անուն Հիսուս), զոհեց իր անձը, թափեց իր արյունը հավատացյալների փրկության համար և նույնը պահանջեց իր աշակերտներից ու հետևորդներից. «Սիրեցեք զմիմեանս»:
Սիրել՝ նշանակում է անձը սիրահոժար զոհոթյան ենթարկել, տալ անձը՝ ուրիշներին ապրեցնելու համար:
Ուր սեր կա, այնտեղ կտիրի խաղաղություն, արդարություն, ճշմարտություն: Սերը մարդկանց կպահի խաղաղության և անդորրության մեջ, սիրով լցված հոգին անպարտելի կլինի մարտերում և չի նահանջի դժվարությունների առաջ: Սերը մարդկանց կբարձրացնի, կաստվածացնի, որովհետև «Սերը համբերող է, քաղցրաբարո, սերը չի նախանձում, իրենը չի փնտրում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա», ասում է Պողոս առաքյալն իր Ա Կորնթ. 13-6 համարում:
Իր սրտի մեծ սիրով Քրիստոս սիրում էր մարդկանց և իր աշակերտներին, բայց և սրտի խորունկ ցավով, ալեկոծ հոգու վշտով՝ ցավում էր մարդկային անարդարության, կեղծիքի վրա: Նրա սիրո քարոզին պատասխանում էին ատելության խոսքերով: Եվ ահա դարերի խորքից հնչում է Քրիստոսի քաջալերական խոսքերը բոլոր նրանց համար, ովքեր սեր քարոզեցին, բայց ատելություն գտան. «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ» Մատթ. ԺԱ 28:
«Սիրեցեք զմիմեանս»: - Այսօր էլ մեր իրականությունը կարիք ունի սիրո այդ քարոզին՝ խաղաղության ու անդորրության մեջ ապրելու համար: Մարդկությունը հացի, ջրի, օդի պես կարիք ունի Քրիստոսի աստվածային սիրո խոսքերին: Ամեն գործ, լինի այն պայքար, թե խաղաղ աշխատանք, եթե սերը բացակայում է, ապա պայքարը պարտություն կկրի, աշխատանքն անավարտ կմնա:
Եթե աշխարհը Հիսուսի սերն իրեն ուղեցույց դարձնի, այլևս չեն լինի մարդաջինջ ու աշխարհավեր պատերազմներ, և խաղաղությունը կտիրի ամենուր:
Այդ սիրով առաջնորդվենք, որովհետև այդ սիրով ապրել է անցյալից մինչև այսօր մեր ժողովուրդը: Հիսուս Քրիստոսի աստվածավանդ սերը թող լինի մեր կյանքի առաջնորդը և «Սէր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ»:
ԱՄԵՆ
Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան
Комментариев нет:
Отправить комментарий