среда, 6 ноября 2013 г.


ՀԱԼԱԼ ՄԱՐԴ


     Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր է բերում: Երիտասարդ առավ խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր: 
     Երիտասարդն ասաց այգետիրոջը. 

     - Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել:

     Եվ բուրաստանի տերն ասաց. 

    - Կեսը, որ իմս է, հալալ քեզ և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ: Եվ իմ եղբայրը հեռու է այստեղից վեց օրվա ճանապարհ: 

     Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց.

    - Կամ առ քո խնձորի գինը և կամ հալալ արա ինձ: 

     Եվ մարդն ասաց. 

    - Ոչ գինը կառնեմ, և ոչ հալալ կանեմ: Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ՝ որ ոչ ականջ ունի և ոչ էլ լեզու և ոչ ձեռք և ոչ ոտք, նրան կին առ, որ հալալ անեմ:

    Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան, և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր: Եվ երիտասարդն աներոջն ասաց. 

   - Ինչու՞ էիր ծաղրում քո աղջկան: 

   Եվ նա ասաց. 

   - Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել: Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում, և ահա դու եկար:


ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ «ԱՂՎԵՍԱԳԻՐՔ»

Комментариев нет:

Отправить комментарий