ԿՈՄԻՏԱՍ
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։
Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար:
Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել:
1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար:
1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ, 1895 թ-ին՝ վարդապետ:
1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից:
1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել:
Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:
1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում:
1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում:
1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը 300 անդամով և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:
Կոմիտասի երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա:
Կոմիտասը առաջին ոչ-եվրոպացին էր որ ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։
1915 թվականի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվեց և հարկադրվեց քայլել աքսորի ճամփան դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերը՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտեցին կառավարությանը և Կոմիտասը ազատվեց ։ Բայց նրա հավաքած աշխատանքի մի մասը կործանվեց այս դեպքերի ժամանակ, և նա երբեք ամբողջովին չվերականգնվեց այս փորձառությունից։
Կյանքի վերջում նրան տեղափոխեցին Փարիզ, որտեղ էլ մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվեց Երևան։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական Կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։
(աղբյուր` ՎԻՔԻՓԵԴԻԱ)
Комментариев нет:
Отправить комментарий