пятница, 13 сентября 2013 г.



ՉԿԱՆ «ՀԻՆ» ԵՎ «ՆՈՐ» ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐ


       «Սիրելի հայորդիներ,


Մենք գիտենք, որ Հայաստանյաց Առաքելական Սբ. եկեղեցին ունի հինգ տաղավար տոներ, որոնք մեծ շուքով և հանդիսավորությամբ մենք` ապրողներս, տոնում ենք մեր բոլոր եկեղեցիներում, նաև մեր օջախներից ներս: Գիտենք նաև, որ այդ տաղավար տոներին հաջորդող օրը` երկուշաբթին, մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որի ավարտից հետո կատարվում է հոգեհանգստի կարգ:

      Մեր ժողովրդի մեջ մի թյուր կարծիք կա տարածված , որ այդ մեռելոցները վերաբերում են միմիայն նոր հանգուցյալներին, և ցավով պետք է նշեմ, որ մենք մեր հանգուցյալներին բաժանել ենք խմբերի` « նոր » և « հին»: Իհարկե չկա և չի եղել այսպիսի բան: Ստորև ներկայացնում եմ հոգևոր մի պատմություն` եզրահանգումը թողնելով ձեր խղճին և հավատքին»:



 Տ.Պետրոս ավգ. քհն. Մալյան


ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


      Մի անգամ սրբակյաց մի վանական ցանկացավ տեսնել, թե ինչպես է անցկացվում հանգուցյալների հոգեհանգիստը եկեղեցում.
«Կիրակի օր էր, պատարագն ավարտվեց: Ներկաներից ոմանք արդեն դուրս էին գալիս եկեղեցուց, իսկ մնացողները մոտենում էին հոգեհանգստի ընդհանուր սեղանին: Ես կանգնած էի երգչախմբի մոտ: Խորանից դուրս եկան քահանան և սարկավագը: Քահանան ասաց. «Օրհնյալ է Աստված, այժմ, Եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»: Այդ պահին ես տեսա, որ մարդիկ փողոցից սկսեցին ներս մտնել տաճար, հետո՝ պատերի և պատուհանների արանքից: Տաճարը լցվում էր բազմաթիվ թափանցիկ ստվերներով: Այս ժողովրդի մեջ ես տեսա կանանց, տղամարդկանց և երեխաների: Արտաքին տեսքից ես տարբերեցի, թե ով էր քահանան, կայսրը, եպիսկոպոսը: Իսկ նրանց միջից՝ հասարակ բանվորը, զառամյալ գյուղացին, զինվորը, աղքատ կինը և պարզապես մուրացկանները:



      Քահանայի ողջույնից հետո նրանք անձայն, բայց շատ արագ լցրեցին ամբողջ տաճարը՝ կանգնելով իրար կողք կողքի: Ես չէի կարող աչք կտրել այս հիասքանչ տեսարանից:
Վերջապես, այնքան շատ մարդ հավաքվեց, որ աղոթողները թվում էին այդ հիանալի ստվերների ֆոնին վառ նկարված ուրվագծեր: Այս ստվերները, լուռ մոտենալով, կանգնում էին սուրբ խորանի մոտ: Նրանցից ոմանք կարծես ծնկում էին, մնացածները խոնարհում էին գլուխները՝ իբր սպասելով դատավճռի հայտարարմանը: Երեխաները մեկնում էին ձեռքերը սեղանին վառվող մոմերին և աղոթող կենդանի մարդկանց:



     Եվ ահա, սարկավագը հանեց գրությունները և սկսեց կարդալ գրված անուները: Զարմանքիս վերջ չկար, երբ ես նկատեցի խանդավառ շարժումներով առանձնացող այս ուրվագծերը: Նրանք մոտենում էին իրենց հիշատակողներին, կանգնում նրանց կողքին ու նայում էին սիրով լի և խաղաղված հայացքով` աղոթելով իրենց համար աղոթողների հետ, փայլում էին անհավատալի ուրախ ճառագայթներով:
Որքան քահանան բարձրաձայնում էր հոգիների հանգստության համար յուրաքանչյուր անուն, այնքան ավելի ու ավելի զվարթ ուրվագծեր էին առանձնանում լռակյաց ներկաների միջից: Նրանք լուռ մոտենում և ձուլվում էին կենդանի աղոթողներին: Վերջապես, երբ կարդացվեց ամբողջ ցուցակը, մնացին չնշվածները` տխուր և գլխիկոր: Հոգիներից ոմանք անհանգիստ դռան կողմն էին նայում, հուսալով, գուցե դեռ կգա իրենց հարազատ, ապրող մեկը, կտա իրենց անունով թուղթն ու կաղոթի: Բայց, ոչ, նոր դեմքեր չհայտնվեցին, և նրանց, ում համար աղոթող չկար, մնում էր միայն ուրախանալ նրանց համար, ում հիշել են հավատավոր բարեկամները:



      Ես սկսեցի հետևել աղոթողների խմբին, որոնք, կարծես, խառնվել էին լուսավոր ճառագայթներում թրթռացող ուրվականներին: Եվ ավելի հիասքանչ պատկեր տեսա:



      Հոգեհանգստի կարգից երևում էր, թե ինչպես կենդանի մարդկանց և նրանց հանգուցյալ հարազատների հոգիների դեմքերը պայծառանում էին, ուրախության, այլ ոչ թե վհատության արցունքներ էին գլորվում ապրողների աչքերից, իսկ հիշվողների աչքերը փայլում էին անսահման սիրով և նվիրվածությամբ: Իսկ երբ հնչեց խնդրանքը բարեխոսության, ես տեսա, որ բոլորը ծնկի իջան: Եվ այդ ժամանակ հոգիները, ում անունները նշվել էին, աղոթում էին ներկաների և իրենց համար, իսկ այն հոգիները, ում մոռացել էին՝ աղոթում էին միայն իրենց համար: Երբ մոմերը վառվեցին և քահանան կարդաց վերջին աղոթքը, իմ դիմաց կանգնած ստվերները սկսեցին անհետանալ և մնացին միայն մարդիկ, որոնք ցանկացել էին նաև առանձին հոգեհանգիստ կատարել իրենց հանգուցյալների համար: Այդ ժամանակ ես տեսա նրանց դեմքին այնպիսի խաղաղություն, բավարարվածություն, թարմություն, որ հնարավոր չէ փոխանցել:

     Մեծ, սրբազան ու խորապես սփոփիչ են ննջեցյալների համար հիշատակության այսպիսի եկեղեցական արարողությունները, ինչպես հոգեհանգիստը, քառասունքները: Եվ որքան տխուր է հանգուցյալ այն հոգիների համար, ում համար չեն աղոթում ապրող հարազատները, զրկելով նրանց ոչ միայն չմոռացված լինելու ուրախությունից, այլև Աստծու կողմից մեղքերի թողություն ստանալու հնարավորությունից: Ամեն անգամ, երբ քահանան պատարագի ժամանակ հիշում է նրանց անունները, այդ հոգիները թողություն են ստանում՝ մոտենալով Երկնքի Արքայությանը»:

Комментариев нет:

Отправить комментарий