ՀԱՅՈՑ ԶԱՔԱՐԻԱ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՃԱՌԸ`
ՆՎԻՐՎԱԾ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ
Այսօր ուրախացավ երկինքը, և ցնծաց երկիրը։ Այսօր բարգավաճելով պայծառացավ Սիոնը՝ Մայր Եկեղեցին։ Այսօր անարատությամբ հարսնացած ընդհանրական առաքելական Եկեղեցին, իր գլուխը գեղավայելուչ պսակով զարդարած ու պճնված, հրճվանքով ու բերկրանքով լցված, նշում է տոնը քառաթևի՝ Աստծո Որդու արյամբ՝ չբթացող կերպով սրված աստվածային նշանի, աշխարհը փրկագործողի, այսինքն՝ աշխարհին կյանք պարգևած, Աստծուն իր վրա ընդունած Խաչի, որ կանգնեցվեց աշխարհի կենտրոնում ու ցոլալով բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա։
Արփիափայլ ճառագայթներով փայլելով պայծառացավ Երուսաղեմում, արեգակից ավելի շլացուցիչ փայլելով՝ զարդարվեց և հրանյութ, բոցաճաճանչ ճառագայթներով լցրեց տիեզերքի բոլոր ոլորտները։ Իր պահպանիչ ու ամեն ինչին հաղթող զորությամբ թևերը տարածեց բոլոր հեթանոսների վրա։
Եվ նրա գերահրաշ ու սոսկալի փառքից զարհուրելով դողացին սանդարամետականների լեգեոնները, քանզի նայեցին ու Խաչի վրա տեսան Աստծո անմահ, անժամանակ ու էակից Որդուն՝ ճշմարտապես մարդացած ու բազուկները փայտին գամերով մեխված։
Անմարմինների սուրբ հույլերը՝ հրեշտակների բանակները՝ ահով ու հիացմունքով, սերովբեները՝ շփոթի մատնված, գերագույն պետություններն ու վերին իշխանությունները սքանչացած՝ զարմանքով էին լցվել։
Իսկ մեզ՝ Աստվածորդուն հավատացողներիս ու երկրպագողներիս, շնորհվեց բերկրալից ծառ ու փրկության նշան՝ բարձրացած և զանազան ծաղիկներով ու անթառամ տերևներով լցված, անպատմելի ու հրաշափառ տեսքով. տեսակ-տեսակ պարգևներ բաշխող ծա՛ռ և արմատ, որի միջոցով Սիրո աստվածային շնորհն աշխարհում տարածվեց ու աղբյուրացավ։
Ամեն կողմ տարածված ոստե՛ր, որ բարձրացաք Գողգոթայի սուրբ ջրերի վրա՝ հովանի դառնալով ողջ աշխարհին։
Երուսաղեմում հայտնված ծիլե՛ր, որ մարդկային քաղցած ցեղին հագեցրիք երկնքից իջած ու ձեզ վրա որպես ընծա մատուցված Հացով։
Փրկության նշա՛ն, որ մերկացած Նախաստեղծին պճնազարդելով փայլեցրիր։ Մեծարելի ծա՛ռ, որ հարստացրիր սնանկացած մարդկությանը։
Ծա՛ռ, որ ուրախություն պարգևեցիր առաջին դառնությունը ճաշակածներիս։ Կյանք պարգևող ծա՛ռ, քեզնով Աստծո իմաստության ծածկված գանձը հայտնվեց և տրվեց մարդկային ցեղին։ Քանզի դո՛ւ, ո՛վ Կյանքի սուրբ ծառ, հրեաների կողմից թշնամանքով տնկվելով՝ աշխարհն ազատեցիր Ադամի անեծքից։
Գեղեցկորեն պարելով քաղցրաձայն գովերգում են քեզ բոլոր ազգերն ու ցեղերը, քանզի դու սուրբ Գողգոթայի վրա կանգնեցիր և պտուղներ տալով՝ դեպի վեր՝ դեպի երկինք բարձրացրիր նրանց, ովքեր ճաշակում են քո փրկավետ ճյուղերի պտուղներից։
Դո՛ւ, ո՛վ սուրբ ծառ, մեղավորների պարտամուրհակը պատռեցիր և երկնավոր Հոր որդեգրությանը կանչեցիր նրանց։ Կանգնեցիր՝ տնկվելով ուրացողների կողմից, և լուսավորելով փրկեցիր հավատացողներին։ Քո միջոցով, ո՛վ անմահագործ ծառ, երկնային դռները հաստատուն կերպով բացվեցին, և քո միջոցով ներքև իջած անմահների զորքերը մարդկանց հետ գովերգում են քեզ։
Քեզնով, ո՛վ Կյանքի ծառ, կապանքների մեջ առնվեց բանսարկուն, և ազատվեցին նրա կողմից բռնվածները։ Քո միջոցով, ո՛վ ամենօրհնյալ անպարտելի նշան, մահվան հզորացած իշխանությունը թուլացավ ու խափանվեց, ծովացած մեղքերի սաստկացած բռնությունը վերացվեց, և մաքրվելով բացվեցին արդարության ու ճշմարտության բազմապիսի ճանապարհները։
Դո՛ւ, ամենօրհնյալ սուրբ ծառ, մարդկային հողանյութ ցեղին բարձրացնելով՝ հրեշտակների հետ կարգեցիր, քանզի հրեշտակներն ու մարդիկ միասնաբար գեղեցկորեն պարում ու հոգևոր երգեր են երգում հարսնացած սուրբ ընդհանրական Եկեղեցում։ Որովհետև Բարու և չարի գիտության ծառի միջոցով մահանալով՝ հավերժական կյանքից զրկվեցինք, իսկ քո միջոցով, ո՛վ ամենօրհնյալ սուրբ ծառ, վերստին նույն պայծառությանն ենք հասնելու՝ դեռ ավելի հրաշափառ կերպով, քան սկզբում։
Որպես անձնավոր մեկի հետ խոսեցի քեզ հետ, ընդունի՛ր մեր շուրթերի պտուղը և իմ ներբողած խոստովանությունը որպես ողջակեզի խունկ և ինչպես այրու երկու լուման, ջնջի՛ր իմ հանցանքների գիրը, պատռի՛ր մեր մեղքերի պարտամուրհակը, մեզ շրջապատելով զորացրո՛ւ օր ու գիշեր և պահպանի՛ր տեսանելի ու անտեսանելի թշնամիներից՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Ում փա՜ռք հավիտյանս. ամեն:
Комментариев нет:
Отправить комментарий