суббота, 14 сентября 2013 г.

ՍՈՒՐԲ  ԽԱՉԻ  ՄԱՍՆԱՏՄԱՆ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ




     Տիրոջ Խաչափայտի մասնատումն ըստ Հայսմավուրք ծիսամատյանի, սկսվեց, երբ Հռոմի կայսր Կղոդիոսի կինը՝ Պատրոնիկեն, ընդունելով քրիստոնեությունը որպես հավատքի դավանանք, ուխտի է գալիս Երուսաղեմ և փափագում է տեսնել Տիրոջ գերեզմանն ու Խաչափայտը։ 
Բայց Տյառնեղբայր Հակոբոսը տեղեկացնում է, որ հրեաները գողացել ու թաքցրել են այն։ Թագուհու եռանդուն միջամտությամբ գտնվում է Խաչափայտը և վերադարձվում Հակոբոս առաքյալին, որն ըստ ավանդության երգել է. «Խաչի քո Քրիստոս երկրպագանեմք»  սքանչելի տաղը։ 

      Ուխտը կատարելուց հետո Պատրոնիկե թագուհին խնդրում է առաքյալից սուրբ Խաչափայտից մի մասնիկ շնորհել իրեն։ Սիրահոժար կերպով Հակոբոսը կտրում ու նրան է տալիս Խաչափայտի այն մասից, որի վրա մեր Տիրոջ սուրբ Արյան հետքերը կային։

       Հաջորդը, երբ Կոնստանդիանոս կայսրի մայրը՝ Հեղինէ թագուհին 326թ. գալիս է Երուսաղեմ ու գտնում է Քրիստոսի Խաչը, որպես հիշատակ նրան են նվիրում սուրբ Խաչի մասունքից մի հատված:

      Այս առիթով պետք է հիշել, որ դրանից հետո հաջորդող դարերում սկսվեց սուրբ Խաչի թանկագին մասունքների բաշխումը եկեղեցիների միջև, այնպես որ Երուսաղեմի Կյուրեղ հայրապետը (349-386), հաստատում է, որ աշխարհը լցվեց սուրբ Խաչի մասունքներով

      Իսկ Հովհաննես Ոսկեբերանը նշում է, որ մարդիկ Խաչի մասունքները ոսկեղեն պահպանակների մեջ դրած, երկյուղածությամբ  ու պարծանքով կրում էին իրենց պարանոցներին: Կա նաև հիշատակություն, որ Երուսաղեմի Հոբնաղ եպիսկոպոսը 455թ. Հռոմի Լևոն պապին է ուղարկել Խաչափայտի մի փոքրիկ մասունք:

Իսկ 569թ. Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը Ֆրանկների թագուհուն է նվիրում սուրբ Խաչից մի մասնիկ:

     Դարեր հետո, երբ Տիրոջ Խաչը վերադարձվում է պարսկական գերությունից (628թ.), ըստ ավանդության հայերին, որպես մասնակից, Խաչափայտից մի մաս են նվիրում:

     Այդ վերադարձը կարծես սուրբ Խաչի անկրկնելի գեղեցիկ մայրամուտը դարձավ, քանի որ դրանից հետո այլևս սուրբ  Խաչը  որպես ամբողջություն չի հիշատակվում:

     Եվ այսպես Տիրոջ Խաչափայտը սուրբ հաղորդության թանկագին նշխարների նման մաս առ մաս բաժանվեց քրիստոնյաների միջև:


(Շնորհք Գալուստյան. պատրիարք Կոնստանդնուպոլսի)


Комментариев нет:

Отправить комментарий