ԽԱՉԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ
Նրանք,
որոնք անարգում են Խաչի նշանը և սուրբ պատկերները, մի այսպիսի հիմար կարծիքով
բամբասում են մեզ, թե իբր ձեռքով պատրաստված բանի և կուռքերի ենք երկրպագում, և թե
արեգակին դեպի արևելք։ Ասում ենք, եթե շարունակեն հիմարությամբ խոսել, նրանց
սրտերը ունայնություն պիտի խորհեն։
Մենք չենք երկրպագում, ոչ արարածների
և ոչ էլ կուռքերի, քանի որ կուռքերը հեթանոսների դևերն են, այլ Աստծուն ենք
պաշտում ու քրիստոնյա ենք։
Արդ, դուք միայն Խաչի
նյութն եք տեսնում, այսինքն նյութն եք կարևորում, իսկ նրանում եղող ծածուկ խորհուրդը
չեք իմանում:
Խաչը նշա՛նն է Քրիստոսի և
մեր փրկության զենքը ընդդեմ թշնամու, որ դուք չգիտեք՝ այսինքն այս ինչ որ ասվեց,
անտեղյակ եք։
Այլ հայտնին կասեմ ձեզ.
Խաչը ունի նյութ և ձև, ու
Աստծո զորությունը միացված է դրան։
Նյութն
է քար, փայտ կամ երկաթ, կամ մի որևէ այլ բան։
Ձևն է քառակողմ, խաչյալ` Քրիստոսի նմանությամբ։
Եվ նրանում բևեռված
Քրիստոսի զորությունը անբաժանելի և անքակտելի է խաչից. («Ի հօրէ
անպակաս եւ անմեկնելի է զօրութիւն նորա»)։
Որովհետև ուր Խաչն է այնտեղ է Խաչյալը և խաչելությունը։
Միայն նյութին չենք
երկրպագում և ոչ էլ ձևը առանձին (վերցրած)։ Եվ հայտնի է, որ բազում են կենդանիների
և անկենդանների մեջ նկար ու քառակերպ ձև, սակայն դրանք երկրպագելի չեն մեզ։
Այլ երկրպագում ենք Աստծո
զորությանը, որն է Քրիստոս, ձևի միջնորդությամբ, նյութին բևեռված, որ կոչվում է Խաչ։
Այդ պատճառով Խաչվածին պաշտում և պատվում ենք
Խաչի հետ մեկտեղ։ Եվ Խաչի նշանը նորամուտ ինչ որ բան չէ այլ հին ժամանակվանից եկող
հարց։ Եվ Մովսեսի ձեռքի գավազանը, որով նշաններ էր անում Խաչն էր խորհրդանշում,
որով խաչաձև պատռելով ծովն ասաց. «Տե՛ր, եղի՛ր մեր առջևից, աջից և
ձախից»։
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ «Քարոզ վասն Խաչի»
Комментариев нет:
Отправить комментарий