четверг, 5 сентября 2013 г.


ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ 




ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎԸ


                Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն: Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա: Եվ քուռակն ասաց մորը. 

 -Ինչու համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս: Մայրն ասաց.

 -Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես: 

     Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. 

 -Ինչ եղավ, քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում:

     Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց.

  -Ով մայր, տես, թե ոտքիս չի փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից:


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ՈՐԴԻ



     Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի: Եվ ամեն օր որդին այծերին տանում էր արոտ և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. 

-Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմռանը մեզ Թացան լինի:

     Իսկ մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եկավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը: Մայրն ասաց.

 -Որդի ուր են այծերը և ինչու դու այսօր արևով եկար:

 Որդին ասաց.

 -Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ լցրեց գետը:

Комментариев нет:

Отправить комментарий