ԽԱՉԱՓԱՅՏԻ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
Վարդապետներից ոմանք ասում են, թե երբ Ադամը հիվանդացավ մահվան հիվանդությունով, Սեթին, որ բարի էր, առաքեց դրախտի հրեշտակի մոտ, որ պահապան էր կարգված, որ նա կենաց փայտից մի պտուղ տա՝ գոնե իր առողջության համար։ Եվ հրեշտակը, այն ծառից, որ խաբվելով կերան, մի ոստ տվեց և ասաց. «Տնկի՛ր սա, և երբ պտուղ բերի, ճմլիր այն հորդ վրա, և կառողջանա»։ Երբ Սեթը բերեց այն, իմացավ որ հայրը մահացել է։ Բայց տնկեց ոստը Ադամի սնարի վրա, և մեծ ծառ եղավ։
Ջրհեղեղից հետո, Հոգու հրամանով այն հողմահարվելով՝ տնկվեց Լիբանանի մայրիների հետ։
Երբ Սողոմոնը շինեց տաճարը և ավարտեց, այդ բերված փայտը այդպես էլ ոչնչի պետք չեկավ, ու դրեցին այն որպես ջրի կամուրջ։ Եվ այն ժամանակ, երբ հարավի թագուհին եկավ Սողոմոնին այցելության, տեսնելով այդ կամուրջը չէր ուզում անցնել, այլ ասաց. «Այս փայտից հրեաների թագավորին կկախեն, և այնուհետև կվերանա հրեական թագավորությունը»։ Ու Սողոմոնը լսելով, հողը խոր փորեց ու փայտը գցեց այնտեղ, ու չէր երևում։
Եվ Քրիստոսի ժամանակներում, Պրոբադիկեի ավազանի շարժի ժամանակ, այդ փայտը ջրի երես ելավ։ Եվ հրեշտակի ջրերի խառնելով ու այդ փայտի զորությամբ՝ ամեն ախտ, վերք ու հիվանդություն առողջանում էր, ինչպես և պատմվում է Ավետարանում։
Եվ երբ Քրիստոսին տանում էին խաչելու, առան այդ փայտը և մի ուրիշ փայտի հետ Խաչ պատրաստեցին և դրա վրա խաչեցին Քրիստոսին։ Եվ ճմլվեց Ադամի գանգին Խաչի Պտուղը՝ Քրիստոս ու եղավ ճշմարտապես կենդանություն։
Եվ այդ կենաց փայտից կենդանացանք՝ առաջինը բնությամբ, քանի որ մեռելները հարություն առան։
Երկրորդ՝ հոգով, քանի որ երբ հոգին ավանդեց Խաչի վրա, շատերը զղջացին և կուրծքերն էին ծեծում։
Երրորդ՝ փառքի արքայությանը հաղորդվեցինք, քանի որ երբ խաչվեց, ասաց ավազակին. «Այսօր Ինձ հետ դրախտում կլինես»։
Որով և մենք՝ հավատացյալներս, երկրպագում ենք Նրա կենարար Խաչին, որ արժանի լինենք այժմ Խաչի չարչարանքներին ու Նրա մահվանը կցորդ լինենք, որպեսզի հետո հաղորդ լինենք սուրբ հարությանը:
(Գրիգոր Տաթևացի. «Ձմեռան հատոր»)
Комментариев нет:
Отправить комментарий