ՏՈՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ, ՆԱՎԱԿԱՏԻՔ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ
Խաչվերացի տոնին նախորդող շաբաթ օրը, տոնի նավակատիքին, ինչպես նաև Խաչվերացին հաջորդող երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Սուրբ Եկեղեցու տոնն է: Այդ օրերի երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»:
Այսօր տոնն է սուրբ Եկեղեցու: Հին ուխտում նշում էին «Քավության օրը», այն սահմանված էր որպես սուրբ օր, և այդ օրը հրեաները ոչ մի գործ չէին անում, այլ նախորդ օրվա երեկոյից իրենց մարմինը պահում էին զրկանքների մեջ և Տիրոջն ողջակեզներ մատուցում, որպեսզի իրենց մեղքերը քավեն Աստծու առջև (Ղևտ. ԻԳ 26-32):
Երբ նրանք հավաքում էին արտերի բերքը և ծառերից անուշահամ պտուղներ քաղում, պոկում էին արմավենու, ուռենու, բարդու ճյուղեր, որպեսզի Տիրոջ առջև ուրախանան և Տիրոջ պատվին յոթ օր տոնում Տաղավարահարաց տոնը (Ղևտ. ԻԳ 33-44):
Հնում Քավության և Տաղավարահարաց տոները միասին էին տոնվում՝ ի հիշատակ անապատում հորթապաշտության մեղքի քավության (Ելք ԼԲ 4-6) և Սինա անապատում քառասուն տարի վրաններում բնակվելու (Ղևտ. ԻԳ 43), որպեսզի հրեաների սերունդները չմոռանան Աստծու երախտիքը:
Մեր ժամանակներում Քավության տոնը համապատասխանում է Խաչի տոնին, իսկ Տաղավարահարացը՝ Եկեղեցու: Այս պատճառով մենք այդ տոները միասին ենք տոնում:
Հրեաներն այդ տոնը տոնում էին այն ժամանակ, երբ դաշտերից հավաքում էին բերքը, իսկ մեր օրերում բերքը խաչով հավաքվեց Եկեղեցում, այսինքն՝ Տերը բազում ազգեր հավաքեց Եկեղեցում և Իր սեփական ժողովուրդը դարձրեց:
Իսրայելի տասներկու ցեղերն անապատում իրենց քառասնամյա երթի ժամանակ խաչաձև էին բանակ դնում և դրա կենտրոնում կանգնեցվում էր սուրբ Խորանը: Դա նշանակում է, որ Եկեղեցու խորանը խաչի խորհրդով քարոզվում է աշխարհի չորս կողմերում:
Մովսեսի խորանը նույնպես խաչաձև էր կանգնեցվում, ինչպես այսօր Եկեղեցին: Ղևտացիներն իրենց բանակը հաստատում էին Վկայության խորանի շուրջ և պահպանում այն:
Սուրբ Եկեղեցին Քրիստոսի խաչով գնվեց և ազատվեց: Այն խորհրդով, որով Քրիստոս պատարագվեց խաչի վրա, այժմ նույն խորհրդով նա պատարագվում է սուրբ Եկեղեցում խաչ-սեղանի վրա:
Եկեղեցու պսակը և փառքը Տիրոջ սուրբ խաչն է, որը դրված է եկեղեցու գլխին:
Եկեղեցու բոլոր խորհուրդները խաչով են կատարվում:
Մարդու մարմինը խաչաձև է և հավատացյալները խաչը մշտապես կրում են իրենց ներսում (Մատթ. Ժ38) և խաչի լույսով ելնում Քրիստոսին ընդառաջ:
Հեղինե թագուհին Երուսաղեմում՝ Գողգոթայի վրա Սուրբ Հարության տաճարը կառուցեց և այնտեղ կանգնեցրեց Փրկչի խաչափայտը, և հայրապետները կարգ հաստատեցին ամեն տարի սեպտեմբերի 14-ին խաչի նավակատիքի և Եկեղեցու տոները միասին կատարել ութ օր շարունակ:
Մինչ այժմ Խաչվերացի տոնն ունի իր նավակատիքը, մեռելոցի օրը և հաջորդող յոթ տոնական օրերը:
(14.09.13թ)
Комментариев нет:
Отправить комментарий