ԽԱՉԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Արդ Սուրբ Խաչի մասին տասը հարց է մնում.
Առաջին՝ եթե այդպես
խորհրդավոր է Խաչի փայտը, ինչպես ցույց տվեց Մովսեսի գավազանը անապատում, այժմ
ինչո՞ւ ենք փոխում և ուրիշ նյութից ենք սարքում։
Պատասխան. Քրիստոսի
Խաչի փայտը մեզ տրվեց որպես կենաց փայտի փոխարեն, և սրա ձևը՝ նրա ձևի փոխարեն։ Եվ
արդ, երբ Նա փոխեց նյութը՝ նյութով և ձևը՝ ձևով՝ պահելով տեսակը, մենք նույնպես
կարող ենք փոխել նյութը՝ նյութով՝ պահելով Խաչի տեսակը։
Դարձյալ ասենք, Խաչի
նյութը մի փայտից չէր, այլ խոտորնակը՝ նոճի, պատվանդանը՝ արմավենի, գլխի տախտակը՝
ձիթենի։ Եթե այնժամ զանազան նյութից էր Խաչը եղել, կարող է նաև այժմ զանազան
նյութից պատրաստվել Խաչը։
Երկրորդ հարցում. թե ամեն օրինակներով պետք է
ճշմարտության հետ համաձայնել։ Արդ, Խաչի օրինակները առաջնահերթ որպես փայտ տպավորվեց,
ինչպես Սաբեկեյի ծառը՝ Հակոբի սանդուղքը, Մովսեսի գավազանը, Հեսուի նիզակը և այլն։
Ուրեմն պետք է միայն փայտի՞ց լինի։
Պատասխան. Ասենք, որ
սրանք ամենքը Խաչի օրինակն են, ոչ թե ըստ նյութի, այլ ներգործական զորությամբ։
Քանի որ, ինչպես Սաբեկի ծառին կախվեց խոյը, և Իսահակը ազատվեց, այդպես էլ Խաչի
ծառին կախվեց մեր Տերը, և ազատվեց մարդկային բնությունը։ Այդպես էլ Խաչի
սանդուղքով մարդիկ երկինք ելան, և հրեշտակները երկիր իջան։ Եվ Խաչի գավազանով
պատռեց աշխարհի մեղքերի ծովը։
Երրորդ հարցում. Խաչի նյո՞ւթն է պաշտելի, ձևը՞, թե՞
գործը։
Պատասխան. Ասենք,
որոշակիորեն, սրանցից ոչ մեկը, որովհետև շատ են նկարներում և միայն Խաչի ձևը
պաշտելի չէ, այլ միանշանակ պաշտելի է Խաչը, որովհետև զորությունը Քրիստոսինն է ու
անբաժանելի։
Դրա համար նախ օրհնենք և օծենք Խաչը, և ապա երկրպագենք։ Ու ասենք, որ
օրհնությունն ու օծումը անբաժանելի են։
Չորրորդ հարցում. ինչո՞ւ ենք օրհնում ու օծում
Խաչը։
Պատասխան. Որովհետև
օրհնությունն ու օծությունը Քրիստոսինն է, Նրան միացած, երբ Նրա անունով պատկերում
են Խաչը։
Ասենք և Խաչը, պատկերներն ու եկեղեցին նրա համար ենք օրհնում ու օծում սուրբ յուղով, որ տարբերվի նյութը այլ
նյութերից և օրհնությամբ ու օծությամբ լինի բնակարան Քրիստոսի ու երկրպագելի մեզ։
Դարձյալ՝ մարդը պատկերն է Աստծո, բայց երբ օրհնում և օծում ենք՝
դառնում է քահանա, երեխային օրհնում ենք՝ դառնում է քրիստոնյա, հացն ու գինին
օրհնում ենք՝ դառնում է մարմին և արյուն Քրիստոսի։
Նույնպես և Խաչը, պատկերները,
եկեղեցին օրհնում ենք նույն ինքը Իր խոսքով, և դառնում է Խաչ Քրիստոսի, պատկեր կամ
տուն Աստծո։
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
Комментариев нет:
Отправить комментарий