четверг, 31 октября 2013 г.

ՇՆՈՐՔ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԽԱՉԻ ՄԱՍԻՆ


          «Նկատելի է, որ Խաչ բառը երբեք չի հիշատակվում Հին Կտակարանի մեջ, սակայն որպես համապատասխան մահապատիժ հիշատակվում է «փայտից կախել» բացատրությամբ: Օրինակ Պետրոս առաքյալը իր քարոզի մեջ ասում է. «Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Քրիստոսին, Որին դուք սպանեցիք փայտից կախելով»:
         Առանց մտնելու Խաչի ծագման մանրամասների մեջ, ասենք իբրև ծանրագույն մահապատժի գործիք, առավելաբար կիրառելի դարձավ հռոմեական կայսրության մեջ: Առհասարակ այն գործադրվում էր ավազակների, ապստամբ գերիների ու գռեհիկ հանցապարտների հանդեպ: Այդ պատիժը արգելված էր հռոմեական քաղաքացիության մենաշնորհին արժանացած անձերի հանդեպ, հոգ չէ թե որքան էլ ծանր եղած լիներ նրանց հանցանքը: Այդ պատճառով երբ Պետրոս և Պողոս առաքյալները ձերբակալվեցին Հռոմի մեջ, երկուսին էլ միևնույն հանցանքի համար, այսինքն քրիստոնեությունը քարոզելու համար, Պետրոսը գլխիվայր խաչվեց, իսկ Պողոսին գլխատեցին, որովհետև նա հռոմեական քաղաքացի էր:
         Խաչելը, իբրև ծանրագույն պատիժ, շարունակվեց հռոմեական կայսրության մեջ, մինչև Կոնստանդիանոս Մեծի ժամանակները, որը քրիստոնեությունը ազատ կրոն հռչակելուց հետո, ի հարգանք Քրիստոսի, արգելեց Խաչի պատիժը:
       Խաչելու երկու ձևեր կան. կամ նա՛խ խաչն են տնկում ու հանցապարտին սանդուխքով հանում են վրան ու նոր գամում փայտին, իսկ մյուսը, դեռ գետնի վրա գամելով, խաչը անգութ ցնցումներով բարձրացնում են ու ամրացնում նախապես բացված անցքի մեջ: Խաչելության ժամանակ առհասարակ մերկացնում են մահապարտներին, իսկ մարմինները խաչի վրա մնում էին իբրև կեր գիշատիչ գազաններին, կամ թռչուններին: Երբեմն էլ մահապարտները օրերով կենդանի են մնում, և իբրև վերջին շնորհ, նրանց ծնկներն են կոտրում, որ մեռնեն:
   Խաչերը գլխավորապես լինում են երեք տեսակի. առաջին տեսակը բազմապատկման կամ եվրոպական «X» տառի նման է, որը հայտնի է ս. Անդրեասի Խաչ անունով, որովհետև ըստ ավանդության Անդրեաս առաքյալը այդպիսի Խաչի վրա է կնքել իր մահկանացուն: Այս դեպքում գործածվում են չորս գամեր: Երկրորդը նման է եվրոպական մեծատառ «T» տառին. սա հայտնի է որպես եռաթև Խաչ անունով: Իսկ երրորդը մեզ բոլորիս ծանոթ քառաթև Խաչն է, այսինքն մեկը մյուսից կարճ երկու փայտերի խաչաձև ագուցումն է, պայմանով, որ, վերևի մասերը քիչ, թե շատ իրար հավասար լինեն, իսկ ներքևի մասը՝ կամ խաչբունը, գետնի վրա է ամրացվում, և պետք է կրնակի երկար լինի մյուսներից: Քառաթև Խաչը գործածվում էր այն ժամանակ, երբ մահապարտի անունն ու հանցանքը պետք է արձանագրեն գլխավերևում: Քրիստոսի Խաչափայտը քառաթև տեսակից էր, իսկ գլխավերևում գրված էր. «Հիսուս Նազովրեցի թագավոր հրեաների»:
       Ներկայումս Քրիստոսի Խաչափայտը մասնատված է Կաթոլիկ, Ուղղափառ և Արևելյան ազգային եկեղեցիների միջև: Ենթադրվում է, որ միայն Հայաստանյաց եկեղեցին ունեցել է ավելի քան հարյուր մասունք:
     Եվրոպացի մի գիտնական՝ Ռոհուլդ դը Ֆլեորի անունով, հատուկ ուսումնասիրել է Քրիստոսի Խաչափայտի պատմությունը, և գրել «Հիշատակարան չարչարանաց գործիքների մասին» գիրքը. (1870թ. Փարիզ): Հեղինակը մեծ բծախնդրությամբ և հմտությամբ, կազմել է աշխարհին հայտնի Խաչի բոլոր մասունքների ցանկը: Շնորհիվ այդ աշխատանքի նրան հաջողվել է ապացուցել, որ սխալ է մի շարք բողոքական ու նյութապաշտ հեղինակների այն կարծիքը, իբր, եթե Խաչի կտորները կողք կողքի դրվեն, ապա «հավասար պետք է լիներ մի մարտանավի ծավալին»: Ընդհակառակը, այդ հաշվարկների համաձայն, ունեցած հայտնի մասունքները հավասար չէ անգամ սովորական խաչի քառորդ ծավալին, որի մեծ փայտի երկարությունը երեք-չորս մետր է, լինում, իսկ փոքրինը՝ երկու:
     Ենթադրելով, որ Քրիստոսի Խաչը պատրաստված է մայրու ծառից, գիտնականները հաշվել են, որ այն ունեցել է մոտ 75 կիլոգրամ քաշ»:

Սուրբ Հովհան Ոսկեբերան ( 347-407)


Hovhan Voskeberan (2)
        Տոնելի սուրբ հայրերից է, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով: Կ. Պոլսի պատրիարք (398-404) Անտիոքի Մելետիոս հայրապետը (ազգությամբ` հայ) նախ` Հովհան Ոսկեբերանին, ապա և ծնողներին քրիստոնյա է մկրտել: Մելետիոսի հսկողությամբ Հովհան Ոսկեբերանը ուսանել է Անտիոքի նոր մկրտվածների դպրոցում: Քրիստոնեության դասերին զուգընթաց նշանավոր հռետորների և իմաստասերների մոտ հետևել է փիլիսոփայության և արտաքին գիտությունների դասընթացներին, այնուհետև Աթենքում փիլիսոփայության ուսումնասիրությունը շարունակել Անթոմիոս փիլիսոփայի մոտ:
       Տասնութ տարեկանում եռանդով ու հետևողականորեն սկսել է զբաղվել Սուրբ Գրքի և աստվածաբանության ուսումնասիրությամբ, ապա Անտիոքի մոտակա լեռներում` քարայրի մեջ, երկու տարի անձնատուր եղել ճգնավորական խստակեցության:
       381 թվականին Հովհան Ոսկեբերանը ձեռնադրվել է սարկավագ, 386 թվականին` քահանա և կարգվել Անտիոքի գլխավոր եկեղեցու քարոզիչ: Հովհան Ոսկեբերանի քարոզներն աչքի են ընկնել հռետորական բարձր արվեստով, հոգեբանական նրբին թափանցումներով: Իր հոգեղեն քարոզների և պերճախոսության համար կոչվել է «Ոսկի բերան»: Հովհան Ոսկեբերանը ծավալել է նաև աղքատախնամ գործունեություն: Անտիոքի եկեղեցում նրա հոգածությամբ ամեն օր կերակրվել են շուրջ երեք հազար որբեր, այրիներ, բանտարկյալներ:
       Իր կամքին հակառակ ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք: Իրեն հատուկ ուղղամիտ համարձակությամբ դատապարտել է հասարակության, հատկապես` արքունիքի հոռի բարքերը: Նրա դեմ կազմվել է հակառակորդների զորեղ խումբ, որը ստոր միջոցներով անվանարկել է նրան ու տապալել:
       403 թվականին Քաղկեդոնի մոտ Կաղնյաց ժողովը աթոռազրկել է Հովհան Ոսկեբերանին, աքսորել Բյութանիա (Կ. Պոլսի մոտ): Մեկ օր անց ժողովրդի պահանջով հովվապետը վերադարձել է Կ.Պոլիս: Սակայն կրկին դառնալով արքունիքի խարդավանքների զոհ` աքսորվել է Փոքր Հայքի Կոկիսոն քաղաքը. «առեալ տարան յանապատն Հայոց», որտեղ մնացել է երեք տարի: Այդ ընթացքում ուխտավորների անընդմեջ շարք է ձգվել Անտիոքից դեպի Կոկիսոնի հայոց եկեղեցի:
       Տեսնելով Հովհան Ոսկեբերանի աճող հեղինակությունը` թշնամիները խնդրել են Արկադիոս կայսրին աքսորել նրան մերձսևծովյան Պիտիոս անմարդաբնակ վայրը: Հովհան Ոսկեբերանը ենթարկվել է ծանր տաժանակրության. ցուրտ ձմռանը ճանապարհի մեծ մասն անցել է հետիոտն և Պոնտոսի Կոմանա քաղաքի մոտ, աքսորավայր չհասած, վախճանվել:

   Հովհան Ոսկեբերանը թողել է մատենագրական հարուստ ժառանգություն (մեկնություններ, դավանաբանական և հակաճառական գրվածքներ, ճառեր, քարոզներ, ներբողներ, թղթեր և այլն), որը կարևոր դեր է կատարել քրիստոնեական մտքի պատմության մեջ: Հովհան Ոսկեբերանի երկերն իրենց բովանդակությամբ ու ձևով միջնադարում եղել են հռետորական խոսքի ու ոճի, եկեղեցական բեմբասացության դասական չափօրինակ:

       Նրա անունով մեզ են հասել Հին և Նոր Կտակարանների քարոզ-մեկնություններ: Մեկնել է (386-388) Ծննդոցի 1-28 գլուխները, սաղմոսներ, որտեղ անդրադարձել է առաքինության և մոլորության խնդրին, ճշմարիտ աղոթքի կարևորությանը, եկեղեցիներում սաղմոս երգության կարգին, քահանայական պաշտոնի վեհությանը և այլ թեմաների: Սաղմոսների քարոզ-մեկնություններում կան նաև հակաճառություններ արիոսականության, մանիքեության, Պողոս Սամոսատցու մոլորությունների դեմ: Հին Կտակարանից մեկնել է նաև Եսայու, Երեմիայի, Դանիելի մարգարեությունները, Առակների և Հոբի գրքերը, Ա Թագավորությունից որոշ հատվածներ:

       Նոր Կտակարանից Հովհան Ոսկեբերանը մեկնել է բոլոր չորս Ավետարանները. մեզ են հասել միայն հատվածներ Մատթեոսի (390) և Հովհաննեսի (391) Ավետարաններից: Մատթեոսի Ավետարանը մեկնելիս մերժել է մանիքեական աղանդավորների այն սխալ կարծիքը, թե Հին և Նոր Կտակարանները խորապես տարբերվում են միմյանցից, ցույց տվել, որ Հին և Նոր Կտակարանների Աստվածը նույն օրենսդիրն է: Մատթեոսի Ավետարանի մեկնությունն ուղեկցվում է մյուս Ավետարանների համապատասխան տեղիների համադրական բացատրությամբ: Յուրաքանչյուր համարի բացատրությանը հետևում է հորդորակը,որը տվյալ համարում արծարծված հարցերի բարոյաբանական եզրակացությունն է:
 
    Հովհաննեսի Ավետարանի մեկնություն-ճառերն արտասանվել են առավոտյան ժամերգության ընթացքում, կրում են հակաճառական բնույթ և ուղղված են ընդդեմ արիոսականների: Հովհան Ոսկեբերանը այդ ճառերում ապացուցել է, որ ավետարանական բնագրերը կատարելապես համաձայն են եկեղեցու դավանած ճշմարիտ վարդապետությանը:
     Հովհաննեսի Ավետարանի մեկնություններն ունեն քրիստոսաբանական նկարագիր և իրենց ձևով ու բովանդակությամբ տարբերվում են հեղինակի մյուս մեկնություններից:

     Գործք առաքելոցի մեկնության ճառերը, Հովհան Ոսկեբերանի իսկ վկայությամբ, գրվել են Կ. Պոլսում 400 թվականին հոգեկան տագնապների, եկեղեցական-քաղաքական հուզումների պայմաններում: Նա նշել է, որ Գործքը լեցուն է քրիստոնեական իմաստությամբ և հստակ վարդապետությամբ, ուստի նախաձեռնել է գրքի մեկնությունը, որպեսզի այդ գանձն անթեղված չմնա: Հովհան Ոսկեբերանը ընդհանրապես կարևորել է Սուրբ Գրքի ուսումնասիրման անհրաժեշտությունը:

     Նրա մեկնողական վաստակի մեծագույն մասը նվիրված է Պողոս առաքյալի կյանքին, գործունեությանը և թղթերի մեկնությանը: Պողոս առաքյալի «Առ Հռովմայեցիս» թղթի երեսուներկու ճառ-մեկնությունները համարվում են նրա նույն թղթի վրա գրված հայրաբանական մեկնությունների ամենանշանավոր և ամենագեղեցիկ գործը, իսկ քսաներեքերորդ ճառը` քրիստոնեական քաղաքական մտածողության ամենակուռ և փայլուն գրվածքը:
   
    Հովհան Ոոսկեբերանի մեկնությունները շարադրված են Անտիոքի աստվածաբանական դպրոցին հատուկ եղանակով և առանձնանում են պատմաբանասիրական, լեզվաքերականական ուրույն հատկանիշներով: Հինկտակարանային մեկնություններում Աստվածաշնչի հունարեն «Յոթանասնից» թարգմանությունը հաճախ համեմատել է այլ թարգմանությունների հետ, բացահայտել մեկնաբանվող համարի իմաստային նրբերանգները:
      Պատմաբանասիրական մեկնաբանման այս եղանակն է կիրառել նաև Նոր Կտակարանը բացատրելիս: Հովհան Ոսկեբերանին են վերագրվում բազում ճառեր, սակայն ոչ բոլորն են նրա գրչին պատկանում: Դավանական և հակաճառական բնույթի ճառաշար է գրել «Յաղագս անճառելի բնութեանն Աստուծոյ» թեմայով, որտեղ պաշտպանել է Աստուծո անճառելի, անըմբռնելի և անիմանալի բնությունը` ընդդեմ հերետիկոսների բնապաշտական հակումների, որոնք ժխտել են քրիստոնեական կրոնի անդրանցականությունը և Որդու բնության հավասարությունը Հոր բնությանը:

     Նշանավոր են քահանայական ծառայությանը վերաբերող ճառերը: «Յաղագս անդրիանդաց» և անտիոքյան շրջանի այլ երկերում գերակշռում է քրիստոնեական սիրո գաղափարը:« Ընդդեմ հրեաների և հրեացող քրիստոնյաների» ճառը Անտիոքի պատրիարքի թողտվությամբ գործող հրեաների ու նրանց ազդեցությանը ենթարկվող քրիսոնյաների դեմ է: Բարոյախոսական ճառերում նա գովաբանում ու բարձրացնում է ողորմածասիրության քրիստոնեական առաքինությունը` «Լավ է տալն, քան զառնուլն» առաքելական սկզբունքով (Ա Կորնթ. ԺԶ 1-4): Դրա համար էլ նրան կոչել են նաև «Սուրբ Հովհ աննես Ողորմած»: Ճարտասանական արվեստի ընտիր նմուշ է Անտիոքի ժողովրդին ուղղած «Յաղագս անդրիանդաց» ճառը: Գրել է նաև ներբողներ` նվիրված Հին Կտակարանի մեծ սրբերին, Անտիոքի եկեղեցու նշանավոր հայրապետներին:

      Հովհան Ոսկեբերանի կյանքը և մատենագրական վաստակը մի շարք կողմերով կապված է հայ իրականության հետ: Նրա երկերի մեծ մասը թարգմանել են հայ վարդապետները հինգերորդ դարում` գրերի գյուտից և Աստվածաշնչի թարգմանությունից անմիջապես հետո: Թարգմանությունների լեզուն և ոճը համարվում են դասական` իրենց հստակությամբ, ճշգրտությամբ ու գեղեցկությամբ: Միայն Երևանի Մատենադարանում նրա երկերի ամբողջական կամ հատվածական բազում ձեռագիր թարգմանություններ են պահվում: Առաջին տպագիր երկը` «Մեկնութիւն սրբոյ Աւետարանին` ըստ Յօհաննու» (1717), բաղկացած է ութսունյոթ ճառից և «յորդորակներից», ընդ որում, յուրաքանչյուր ճառ համարվում է «աստվածախօս» մի գիրք: Տպագրվել են սուրբ Գրիգոր Ա Լուսավորչին նվիրված «Ներբող եանք…»-ը (1734), որոնք Հովհան Ոսկեբերանը գրել է աքսորավայրում, Կոկիոսի հայության խնդրանքով, և արտասանել «յոգնախումբ բազմութեանն» առաջ. «Երանելի՛ քեզ, անապատ Հայաստանեայց, որ ժողովեցեր զարեգակնդ բազմաճառագայթ ի ծոց քո և լուսաւորեցեր արփիափայլ նշուլիւք դորա» (էջ 110-115):
       Տպագրված գործերի շարքում իր ուրույն տեղն ունի «Հատընտիր գիրք և ճառք և ներբողեանքը» (հ. 1-2, 1818): Հովհան Ոսկեբերանի մատենագրական վաստակի հայերեն թարգմանված և տպագրված գործերի մեջ կարևոր տեղ են գրավում նաև Մատթեոսի Ավետարանի («յԱւետարանագիրն Մատթեոս, գիրք 1, 2, 1826) և Պողոս առաքյալի թղթերի («Մեկնութիւն Թղթոցն Պաւղոսի», հ. 1, 2, 1862) մեկնությունների վենետիկյան հրատարակությունները: Միջազգային բանասիրության համար խիստ կարևոր է Եսայու մարգարեության մեկնության (հունարեն բնագրի մեծ մասը կորած է) հայերեն թարգմանությունը (հրտ. 1880): Միայն հայերենով են պահպանվել նաև Եզեկիելի, Ամբակումի մարգարեությունների, Մարկոսի, Ղուկասի Ավետարանների, Կաթողիկե թղթերի հատվածական մեկնությունները, բազմաթիվ ճառեր: Մեզ է հասել Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի թարգմանությամբ Հովհան Ոսկեբերանի վարքը, որը տպագրվել է 1751 թվականին Վենետիկում` «Պատմութիւն վարուց» խորագրով: Հովհան Ոսկեբերանի երկերի հայերեն թարգմանությունները լայնորեն օգտագործվել են հայ մեկնողական (Անանիա Սանահնեցու, Սարգիս Կունդի, Գևորգ Սկևռացու, Վարդան Արևելցու խմբագիր մեկնություններ), դավանաբանական («Կնիք հաւատոյ», «Արմատ հաւատոյ» և այլ) գրականության մեջ:
         Սույն ճառերի ընտրանին հայերեն է թարգմանվում առաջին անգամ:

среда, 30 октября 2013 г.

ՀԻՆ ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱԿ ՄԻՆԻՍՏՐԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ


     Մինիստրներից մեկը մի օգնական ուներ, որ փառաբանվում էր իր ազնվության, կարգապահության և աշխատասիրության համար: Երբ նա երեք տարի արդեն ծառայել էր մինիստրի մոտ, վերջինս ասում է.
-              - Ես գոհ չեմ ձեզնից և այլևս ձեր ծառայությունների կարիքը չեմ զգում:
     Օգնականը հուզված, կասկածամտորեն բացականչում է.
-         - Մի՞թե ես ձեր հանձնարարությունները վատ եմ կատարել: Մի՞թե երբևէ ծուլացել եմ: Մի՞թե կարգապահ չեմ եղել իմ աշխատանքում:
-               - Այդ բոլորը ճիշտ են, - հաստատում է մինիստրը:
-         - Ապա էլ ինչու՞ եք զրկում ինձ ձերդ ողորմածությունից և թույլ չեք տալիս այսուհետև ծառայել ձեզ:

-             - Դուք երեք տարի եղել եք իմ օգնականը,- պատասխանում է մինիստրը,- բայց այդ երեք տարիների ընթացքում իմ ոչ մի թերությունը ցույց չեք տվել: Նշանակում է, դուք հոգացել եք ոչ թե այն մասին, որպեսզի ես ավելի լավ աշխատեմ, այլ այն բանի մասին, որպեսզի հաճոյանաք ինձ: Հենց այդ պատճառով էլ ես այլևս ձեր ծառայությունների կարիքը չեմ զգում:

понедельник, 28 октября 2013 г.

28.10.13թ. - Սբ. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օր


      Ս. Անաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և Քրիստոսի խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով Տիրոջ Խաչի միջոցով կատարվող հրաշքները, դարձի է գալիս: 
      Ապա նա Երուսաղեմ է գնում, մկրտվում Մոդեստ պատրիարքի կողմից` վերակոչվելով Անաստաս, և որպես վանական մտնում է Սբ. Սաբայի վանք: Քարոզության առաքելությամբ նա, Պաղեստինյան Կեսարիա գնալով, որ գտնվում էր պարսիկների իշխանության ներքո, մոգերի է հանդիպում և փորձում նրանց քրիստոնյա դարձնել, սակայն ձերբակալվում է: Պարսից Խոսրով արքան խոստանում է ազատել նրան, եթե թեկուզ մեկ մարդու մոտ ձևական հրաժարվի Քրիստոսից, բայց ի պատասխան լսում է սրբի ազդու խոսքը. «Ոչ ոքի առջև, ո՜չ ուրիշի, ո՜չ բացահայտ, ո՜չ գաղտնի, ո՜չ խոսքով, ո՜չ մտքով, ո՜չ անգամ քնի մեջ ես չեմ ուրանա իմ Փրկչին»:
     Նրան տանում են Պարսկաստան և կտտանքների ենթարկելով գլխատում 70 այլ քրիստոնյաների հետ: Հերակլ կայսեր (610-641) օրոք նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և Հռոմ:


   Ս. Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 մենակյացները ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան:


     Ս. Թեոդիտեն ու նրա որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304թ.: Թեոդիտեն այրի բարեպաշտ կին էր, որ բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակներով, որոնց դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության առաջարկ է անում, սակայն մերժվում է: Այս բանի համար նրա աչքի առաջ զավակներին չարաչար տանջում են, որոնք սակայն, քաջաբար դիմանում են և չեն ուրանում իրենց հավատը: Ի վերջո, բոլորին կրակն են նետում:
araratian-tem.am

воскресенье, 27 октября 2013 г.

Վարդան Այգեկցի «Հագուստի պատիվը»    




Մի թագավոր իր զորքով ճանապարհ էր գնում։ Նա երկու սուրբ հայրերի տեսավ գարշելի հագուստով։ Թագավորը իջավ նժույգից և խոնարհվելովհամբուրեց նրանց։ Զորավարներն սկսեցին տրտնջալթե այս թագավորը իր մեծամեծներին պատիվ չի տալիսչնչին մարդկանց մեծարում է:

Թագավորն իմանալով՝ հրամայեց չորս սնդուկ սարքելերկուսը արտաքուստ գեղեցիկ ու քանդակազարդ՝ լի աղբով ու ավազովիսկ մյուս երկուսը՝ արտաքուստ տհաճկպրոտմեջը լի ոսկով ու մարգարտով։ Եվ կանչելով բամբասող իշխաններինթագավորն ասաց.

— Գնահատեցե՛ք և ընտրեցե՛ք չորս կնքած արկղներից որն ուզում եք։

Նրանք ընտրեցին գեղեցիկները և բանալով տեսանոր լցված են աղբով ու ավազովզղջացին։ Թագավորն ասաց.

— Այդպես եք նայում երեսին և պայծառ հագուստին այն մարդուոր ներքուստ լի է աղտեղությամբ։ Իսկ այն սուրբ հայրերըորոնց հանդիպեցիարտաքուստ էին աղտեղիիսկ ներքուստ՝ լի հոգու շնորհով։

ԳՅՈՒՏ ԽԱՉԻ ՏՈՆ


    Հիսուսը դեռ երկրի վրա եղած ժամանակ, տեսնելով հրեաների անհավատությունն ու թշնամանքն Իր հանդեպ, Երուսաղեմի վրա լաց լինելով մարգարեացավ, որ այն պիտի ավերվի և ազգերի ոտքի կոխան պիտի լինի (Ղուկ. 21։24)։ 
     Այդպես էլ եղավ: 68թ. Հռոմի Տիտոս կայսրը, շրջապատելով քաղաքը, ծնկի բերեց կատաղությամբ դիմադրող հրեաներին և բառիս բուն իմաստով, հրի և սրի մատնեց բոլորին, իսկ Սողոմոնի տաճարը հիմնահատակ քանդեց, որից մնաց որպես հուշ միայն պարսպի մի հատված, որը կանգուն է մինչև այսօր։ Այն կոչվում է «Լացի պատ», քանի որ այնտեղ բարեպաշտ հրեաները ամեն տարի այդ օրը լաց են լինում տաճարի կործանման համար։ 
   Քաղաքը 70 տարի ավերակ մնաց, որից հետո հռոմեացիներն այն վերակառուցեցին որպես հեթանոսական քաղաք՝ Էլիա Կապիտոլինա նոր անունով, և իրենց չաստվածների կուռքերով լցրեցին։ Ու բնական է, որ այդ տարիներին հնարավոր չէր բացել քրիստոնեական սրբավայրերը, ինչը տևեց մինչև չորրորդ դար, երբ Կոնստանդիանոս կայսրը, ընդունելով քրիստոնեությունը, հավատքի ազատություն հռչակեց։
     Կայսրի մայրը բարեպաշտ ու քրիստոնյա կին էր, ու փափագում էր ուխտի գնալ Երուսաղեմ՝ Տիրոջ անունով կոչված սրբավայրերը վերաբացելու համար։ Եվ երբ Երուսաղեմ գալով տեղում սկսեց փնտրել Քրիստոսի Խաչափայտը, ապա մեծ դժվարությունների հանդիպեց, քանի որ հրեաները թշնամացած էին քրիստոնյաների դեմ և այդ պատճառով թաքցրել են հրաշագործ Փայտը։                       Թագուհուն հայտնեցին, որ Տիրոջ սուրբ Խաչի տեղը մի հրեա մարդ գիտի՝ Հուդա անունով, բայց նա հրաժարվում է հայտնել այն։ Իր ունեցած իշխանությամբ, Հեղինե թագուհին բանտարկել է տալիս նրան և համառ ջանքերից հետո հաջողվում է նրանից իմանալ Խաչի տեղը։ 

     Որպեսզի պեղումները արագանան, թագուհին փորված հողի մեջ արծաթ ու ոսկի դրամներ էր շաղ տալիս աշխատանքը աշխուժացնելու համար։ Ի վերջո երեք խաչ են գտնում այդ փոսի մեջ, բայց Քրիստոսի Խաչի պատկանելիությունը ոչնչով չէր փաստվում։ 
      Բայց թագուհու մոտ ներշնչում եկավ Աստծուց, և երբ մի պատանի էին տանում թաղելու, նա հրամայեց մեռյալին բերել ու դնել խաչերից յուրաքանչյուրի վրա առանձին, առանձին։ Երրորդ Խաչի վրա դնելուց հետո, ի զարմանս բոլորի և ի ուրախություն սգացող հարազատների, հանկարծ պատանին կենդանանում է։            Այդպիսով գտնելով Քրիստոսի Խաչափայտը, այն նորից տանում, զետեղում են Գողգոթա լեռան վրա։ 
     Խաչի այս գյուտը տեղի ունեցավ 326 թվականին և այդ ժամանակվանից ի վեր բոլոր առաքելահիմք եկեղեցիները տոնում են այդ օրը։



ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Որպես ի գիտություն ասենք, որ Գյուտ Խաչի սրահը այժմ գտնվում է Երուսաղեմի սուրբ Հարության Տաճարի, մեր Գրիգոր Լուսավորչի սրահին կից, որի պատերը ամբողջովին ծածկված են հայ ուխտավորների ինքնությունը հաստատող «ստորագրություններով», փորագրված Խաչերով, կնիքն ու հաստատումն այն իրողության, որ մենք առաջին Խաչակիր ազգն ենք: Իսկ այն տեղը, որտեղից Հեղինե թագուհին հետևել է պեղումներին, այժմ պատկանում է Երուսաղեմի մեր սուրբ Հակոբյանց միաբանությանը, որոնք Գյուտ Խաչի տոնի օրը, պատարագի ժամանակ իջնում են այդ վայրը, այդ նույն տեղում դնելով մեր եկեղեցու սեփականությունը եղող սուրբ Խաչի մասունքների գեղեցկազարդ ճաճանչափայլը: Իսկ պատարագից հետո տոնական թափորով ու շարականների ուղեկցությամբ, այն տանում են պտտեցնելու Տաճարի սրբատեղերով, իսկ վերջում Տիրոջ սուրբ Գերեզմանի շուրջը:

                                                                                                            Մեհրուժան Վազգենի Բաբաջանյան
                                                                                       «ԽԱՉԱՊԱՏՈՒՄ»

суббота, 26 октября 2013 г.

Ս. ԱԹԱՆԱՍ, Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Ս. ԳՐԻԳՈՐ ԱՍՏՎԱԾԱԲԱՆ


    Ս. Աթանասը ծնվել է Ալեքսանդրիայում շուրջ 296 թ., քրիստոնյա ընտանիքում։ Նա կրթություն է ստացել Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսի հովանու ներքո։ 319 թ. ձեռնադրվել է սարկավագ և ակտիվորեն մասնակցել արիոսականության դեմ պայքարին։ 
       325 թ. իր եպիսկոպոսի հետ մեկնում է Նիկիա՝ մասնակցելու Առաջին Տիեզերական ժողովին։ 5 ամիս անց մահանում է Ալեքսանդրը, որը մահվան մահճում իրեն հաջորդ է առաջարկում Աթանասին, ով 326 թ. միաձայն ընտրվում է պատրիարք։ 
   Աթանասը բազմաթիվ երկերով մերկացնում է Արիոսի սուտ ուսմունքը։ Չարացած արիոսականներն ամբաստանում են Աթանասին Կոստանդին Մեծ կայսեր առջև՝ մեղադրելով նրան կայսրության թշնամիների հետ հարաբերվելու մեջ։ Աթանասին աքսորի են դատապարտում։ 
     Ընդհանուր առմամբ նա աքսորում անցկացնում է քսան տարի՝ դատապարտված լինելով չորս անգամ։ Արքեպիսկոպոսի բացակայության ընթացքում նրա հոտն այնքան փորձությունների է ենթարկվում, որ նրա աքսորը հավատավոր հոտը համարում է իր սեփականը։ 
     Ս. Աթանասը վախճանվում է հովվապետական 47-ամյա ծառայությունից հետո՝ 373 թ. մայիսի 2-ին։ 



    Ս. Կյուրեղ Աղեքսանդրացին ծնվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս) 374 թ.։ 412 թ. նա դառնում է Ալեքսանդրիայի պատրիարք։ 
     Պայքարել է նեստորականության դեմ։ Նախագահել է Երրորդ Տիեզերական ժողովը (Եփեսոս, 431 թ.), որտեղ դատապարտվում է Նեստորն իր ուսմունքով հանդերձ։ 
      Գրել է բազմաթիվ մեկնողական և ջատագովական աշխատություններ։ Մահացել է 444 թ.։



     Ս. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թ. Կապադովկիայի Նազիանզա գյուղաքաղաքի Արիանզա գյուղում։ Եղել է Նազիանզայի Գրիգոր եպիսկոպոսի (326-374) որդին։ Միջնակարգ կրթությունն ստացել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։ 
     350 թ. նա մեկնում է Աթենք, ուր Բարսեղ Կեսարացու հետ միասին 5 տարի ուսանում է անտիկ փիլիսոփայություն և հռետորական արվեստ։ Ինչպես վկայում է Ս. Գրիգոր Աստվածաբանը, Աթենքում 2 ընկերները միայն 2 ճանապարհ գիտեին. մեկը, որ տանում էր դեպի դպրոց, իսկ մյուսը՝ ավելի թանկագինը՝ դեպի եկեղեցի։
     Վերադառնալով Նազիանզա՝ մկրտվում է իր հոր կողմից։ 360 թ. մեկնում է Պոնտոս և նվիրվում ճգնողական կյանքին։ Սակայն շուտով ստիպված է լինում վերադառնալ՝ օգնելու իր ծեր հորը արիոսականության դեմ պայքարելու գործում։ 361 թ. հոր՝ Գրիգոր եպիսկոպոսի կողմից ձեռնադրվում է քահանա, իսկ 372 թ. Ս. Բարսեղ Կեսարացու ձեռամբ՝ եպիսկոպոս Սասիմա քաղաքի վրա:
     381 թ. Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի առաջին իսկ նիստում Գրիգորն ընտրվում Է Կ. Պոլսի պատրիարք: Մելետիոս Անտիոքացու մահից հետո Նազիանզացին հաջորդում Է նրան Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի նախագահական աթոռի վրա: 
     Մահացել Է 389/390 թթ.:
26.10.13 - Հիշատակ Տասներկու Ս. Վարդապետների՝ Ռեթեոսի, Դիոնիսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Խուրի Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Աստվածաբանի, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի և Կյուրեղ Ալեքսանդրացու:


       Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ: 
       Տասներկու վարդապետների գործունեության կարևորագույն առանցքն ուղղափառ հավատի պահպանությունն ու անաղարտ փոխանցումն էր սերունդներին: Քրիստոնեության հիմնադրման օրվանից իսկ գոյություն են ունեցել հերետիկոսություններ, հերձվածներ, որոնց հետևորդները, սխալ ընկալելով ու մեկնաբանելով Աստծո խոսքը, առաջացրել ու զարգացրել են թյուր պատկերացումներ և մոլար ուսմունքներ՝ կապված քրիստոնեական վարդապետության հիմնարար սկզբունքների հետ: Բայց ի հակադրություն նրանց՝ եկեղեցու տասներկու վարդապետները, ամբողջության մեջ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տվել են վարդապետական առանցքային դրույթների և սկզբունքների ճշգրիտ մեկնությունը՝ ուղղափառության սահմանների մեջ զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը:                 
           Տասներկու վարդապետների դերն ու նշանակությունն այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ են մեր հասարակության համար, որտեղ ներթափանցել են Սուրբ Գրքի կամայական մեկնիչներ, որոնք Աստծո խոսքի՝ իրենց ոչ ճիշտ ընկալումներն ու պատկերացումները պատվաստում են մեր ժողովրդի զավակների մտայնության մեջ՝ հեռացնելով նրանց ոչ միայն իրական, ճշմարիտ փրկության ճանապարհից, այլև մեր ազգային գիտակցությունից, Աստվածաշունչ մատյանի ուղղափառ մեկնությամբ ձևավորված մտածողությունից, դրանով իսկ նաև ազգային դիմագծից ու նկարագրից: 
          Ուստի, այս տոնը մեզ համար ևս մեկ պատեհ առիթ է արժևորելու մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությունը` հավատարիմ մնալով մեր եկեղեցուն և Քրիստոսի Եկեղեցու Ս. Հայրերի լույս հավատքին: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Տասներկու Ս. Վարդապետների խնկելի հիշատակը ոգեկոչում է Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:


Ս. ՌԵԹԵՈՍ, Ս. ՍԵՂԲԵՍՏՐՈՍ, Ս. ԵՓՐԵՄ ԽՈՒՐԻ, Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ


        Ս. Ռեթեոսը Դիոնիսիոս Արիսպագացու ուսուցիչն Էր:

      Ս. Սեղբեստրոսը  ծնվել Է Հռոմում քրիստոնյա ընտանիքում, ստացել Է լավ կրթություն: 30 տարեկանում ձեռնադրվել Է քահանա, ապա եպիսկոպոս; Հայտնի Էր որպես Ս. Գրքի մեծ գիտակ՝ հրեաների և քրիստոնյաների միջև տեղի ունեցող բանավեճի ընթացքում ներկայացնելով քրիստոնեությունը: Հաղթել Է հրեաներին բանավեճում և շատերին դարձի բերել: Հռոմի գահին Է մնացել շուրջ 20 տարի՝ ի Տեր փոխադրվելով բավականին առաջացած տարիքում:

      Ս. Եփրեմ Խուրին  ծնվել Է 4-րդ դ. սկզբին քրիստոնյա ընտանիքում: 14 տարեկանում Հակոբ Մծբնեցու հետ մասնակցել Է Առաջին Տիեզերական ժողովին (Նիկիա, 325 թ.): Գրավոր և բանավոր քարոզել և շատերի Է դարձի բերել ի Քրիստոս: Հեղինակ Է բազում աղոթքների և տաղերի:

      Ս. Հովհան Ոսկեբերանը ծնվել Է Անտիոքում շուրջ 354 թ., զինվորականի ընտանիքում: Նրա մայրը, այրիանալով 20 տարեկանում, ամբողջովին նվիրվում Է որդու դաստիարակությանը: Հովհանն ստանում Է փայլուն կրթություն Անտիոքի և Աթենքի դպրոցներում: Ավարտից հետո դառնում Է դատավոր, բայց շուտով թողնում Է աշխարհիկ գործունեությունը և նվիրվում Տիրոջ գործին: 
      Մոր մահից հետո հեռանում Է անապատ, սակայն վատթարացող առողջությունն ստիպում Է նրան վերադառնալ Անտիոք: Ձեռնադրվում Է դպիր, այնուհետև սարկավագ, իսկ 386 թ.՝ քահանա: Դառնում Է փայլուն քարոզիչ, որի համար և ստանում Է «Ոսկեբերան» մակդիրը: 
     398 թ. ձեռնադրվում Է Կ.Պոլսի եպիսկոպոս: Նախանձախնդիր մայրաքաղաքի բնակիչների արատների ուղղմանը՝ արթնացնում Է բազում բարձրապաշտոն անձանց դժգոհությունն ու զայրույթը, ի շարս որոնց՝ Եվդոկսիա կայսրուհու: Վերջինիս ջանքերի շնորհիվ 404 թ. Ոսկեբերանն արտաքսվում Է Կ.Պոլսից և 407 թ. աքսորավայրում կնքում իր մահկանացուն 53 տարեկան հասակում: 
     Ս. Հովհան Ոսկեբերանի վերջին խոսքերն Էին. «Փառք Աստծու ամեն ինչի համար»: 
   Ոսկեբերան հայրապետը Ս. Գրքի մեկնության, Ս. Պատարագի և բազում աստվածաբանական երկերի, ինչպես նաև քարոզների և Ս. Հաղորդության աղոթքների հեղինակ Է:




Ս. ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ


         Սուրբ Գրիգոր Նյուսացին Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից, Հայ առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով: Սերել է քրիստոնեական բարեպաշտությամբ, կենցաղավարությամբ և առաքինությամբ հռչակված մեծահարուստ և ազնվական ընտանիքից: Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրը, որին համարել է իր ուսուցիչն ու դաստիարակը:
     Գրիգոր Նյուսացին, Բարսեղ Կեսարացին և Գրիգոր Նազիանզացին Ընդհանրական եկեղեցու և համաքրիստոնեական աստվածաբանական մտքի պատմության մեջ հայտնի են «կապադովկյան հայրեր» կամ «երեք մեծ կապադովկիացիներ» անունով: 
      Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա Պաղեստինյան Կեսարիայի հանրահայտ դպրոցում` հմտանալով ճարտասանության և իմաստասիրության մեջ: Պատրաստվել է դառնալ աշխարհիկ հռետոր, տնօրինել հայրական կալվածքը, սակայն եղբոր` Բարսեղ Կեսարացու, և հատկապես Գրիգոր Նազիանզացու հորդորներով դարձել է հոգևորական (ձեռնադրել է Բարսեղ Կեսարացին), 371-ից անցել եկեղեցական գործունեության:
       Հեռացել է անապատ, այնտեղ խորացրել կրոնական գիտելիքները: Եղել է հայաբնակ Նյուսա գյուղի (372–379) և Սեբաստիա քաղաքի (380-ից) եպիսկոպոսը: Գրիգոր Նյուսացին անդուլ պայքար է մղել արիոսականության դեմ, ինչի համար հալածվել է. արիոսամետ Վաղես կայսրը նրան աթոռազրկել է և աքսորել: 
       Գրիգոր Նյուսացին մասնակցել է 379-ին Անտիոքում գումարված ուղղափառ եպիսկոպոսների ժողովին: Ժողովի որոշումով որպես թեմական քննիչ և տեսուչ ուղարկվել է Պոնտոսի, Պաղեստինի և Արաբիայի թեմերը` ամրապնդելու ուղղափառության դիրքերը, զսպելու արիոսականների և մյուս հերետիկոսների անկարգությունները:
      Գրիգոր Նյուսացին մասնակցել է Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովին (381) և Գրիգոր Նազիանզացու հետ վճռական դեր խաղացել Նիկիական հանգանակը պաշտպանելու և Մակեդոնի հերձվածը դատապարտելու գործում:
      Գրիգոր Նյուսացին թողել է մատենագրական հարուստ ժառանգություն: Աշխատությունները շարադրել է կյանքի վերջին տարիներին` 380–394-ին: Ի տարբերություն Կապադովկիայի եկեղեցու մյուս նշանավոր հայրապետների հոգևոր ժառանգության, նրա երկերը հատկորոշվում են վառ արտահայտված խորհրդապաշտական ուղղվածությամբ: Գրիգոր Նյուսացու դավանաբանական գրվածքների մեծ մասը հակաճառական բնույթի է` ուղղված ընդդեմ ժամանակի հերետիկոսների: 
     Գրիգոր Նյուսացին ներկայացրել է քրիստոնեական հրամանակարգ վարդապետության հիմնական կետերը, խոսել Ս. Երրորդության, Արարչագործության, Մարդեղության և Փրկագործության մասին: Գրիգոր Նյուսացու գրչին են պատկանում նաև Աստվածաշնչի մեկնություններ, որոնք հիմնականում այլաբանական խորհրդածություններ են: Գրել է սաղմոսների երկու մեկնություն, սաղմոսները գնահատել որպես կատարելության ու բարության հասնելու սանդուղքներ, ութ քարոզակերպ այլաբանական մեկնություններ Ժողովող գրքի վրա: Տասնհինգ ներբողներ է հորինել Երգ երգոցի, 5 աղոթքներ` Տերունական աղոթքի կամ «Հայր մերի» վերաբերյալ, որոնցում դարձյալ շեշտը դրել է Ավետարանի բնագրի այլաբանական իմաստի վրա, 8 քարոզներ` նվիրված Ավետարանների «Երանի»-ներին, 2 մեկնություն` Բարսեղ Կեսարացու «Վեցօրեայք»-ին: 
        Գրիգոր Նյուսացու գործերի զգալի մասը հայերեն է թարգմանվել V–VIII դդ.: 
      Հայ եկեղեցին ս. Գրիգոր Նյուսացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ. հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը` «երկոտասան վարդապետաց» հետ:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

пятница, 25 октября 2013 г.

24.10.13 - Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր




       Սբ. Խարիթյանք ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեհրան քաղաքում: VI դարում հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա` բնակիչներին հուդայական հավատին դարձնելու նպատակով: Խաբեությամբ գրավելով քաղաքը` հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին հրամայում են այրել խարույկի վրա, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին` բանտարկում: Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց` պահանջելով ուրանալ Քրիստոսին: Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են` ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն նրա` մահը ձեռքբերում է» և անվախ հանձնվում են տանջանքների: 
     Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին, և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում:

         Արտեմեան, Հուլիանոս Մեծի օրոք, թեև երիտասարդ, բայց առաքինի զորական էր կայսերական բանակում և հասել էր մինչև պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա, որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ: 
     Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցներին` Եվգենիոսին ու Մակարին, Արտեմեան համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում:
      Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և ամփոփվում Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոսում` Սբ. Պանտելեմոնի վանքում:

       Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն և Ակյուլինեն նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: 
       Սբ. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերեվարվում է, ծառայում հռոմեական բանակում և այդ ընթացքում քրիստոնյա դառնում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային չարչարանքները` նրա մեջ մեծ ցանկություն է առաջանում հանդիմանելու հեթանոսներին և քարոզելու ճշմարտությունը, սակայն հունարեն չիմանալու պատճառով ի վիճակի չի լինում: Սակայն աղոթքով Տիրոջից հունարեն խոսելու շնորհ է ստանում: Մի օր նկատում է, որ զինվորականները մի քրիստոնյայի են տանջում: Քրիստափորը հանդիմանում է նրանց և ազատում այդ քրիստոնյային: Քաղաքի դատավորը, իրազեկ դառնալով այս ամենին, 200 զինվոր է ուղարկում նրան ձերբակալելու, ովքեր, սակայն, ճանապարհին Քրիստափորի քարոզի և կատարած հրաշքի շնորհիվ նույնպես քրիստոնյա են դառնում: Երբ նրան դատավորի առջև են բերում, հանդիմանախառն պատասխաններ է տալիս, մերժելով դատավորի կռապաշտ դառնալու հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և բանտարկվում: 
     Ապա նրա մոտ են ուղարկում երկու պոռնիկ կանանց` Կալինիկեին և Ակյուլինեին, նրան գայթակղեցնելու համար: Սակայն վերջիններս նրա քարոզության միջոցով դարձի են գալիս: Զայրացած դատավորը նախ նահատակել է տալիս երկու կանանց, ապա` զինվորներին, որոնք բացահայտում են իրենց քրիստոնյա լինելը, և հետո գլխատում է ս. Քրիստափորին:
araratian-tem.am

четверг, 24 октября 2013 г.


Առակ` «Գող կրոնավորը»



Մի կրոնավոր, գալով խոստովանահոր մոտ, ասում է.

Հա՛յր, թողություն արա ինձ և աղոթիր ինձ համար, քանի որ գողանում ու թաքուն ուտում եմ։

Ինչո՞ւ ես այդ անում, սովա՞ծ ես մնում:

Այո, այդպես է, չեմ բավարարվում տրված կերակրով և չեմ համարձակվում նորից խնդրել:

Խոստովանահայրն ասում է.

Ինչո՞ւ չես գնում վանահոր մոտ, որ պատմես նրան կարիքներդ։

Ամոթը չի թողնում ինձ,— ասում է նա: Խոստովանահայրը հարցնում է.

Ուզո՞ւմ ևս, ես կասեմ վանահորը քո կարիքների մասին:

Արա՛ ինչպես կամենաս,— պատասխանում է կրոնավորը:

Խոստովանահայրը գնաց առաջնորդի մոտ և պատմեց նրան։ Իսկ նա ասաց.

Ինչպես քեզ լավ է թվում, արա։

Այն ժամանակ խոստովանահայրը, առնելով կրոնավորին, գնաց մառանապետի մոտ և ասաց.

Այս եղբայրը ինչքան գա քեզ մոտ, կերակրիր` որքան կամենա և երբեք մի արգելիր։ Եվ նա այդպես էր անում։

Դարձյալ մի քանի օր հետո կրոնավորն եկավ խոստովանահոր մոտ և ասում է.

Թողություն արա ինձ, հայր, դարձյալ գողանում ու թաքուն ուտում եմ։

Խոստովանահայրը հարցրեց նրան.

Ինչո՞ւ ես այդ անում, տնտեսը մերժո՞ւմ է ինչ որ ուզում ես։

Ո՛չ,— ասում է նա,— ընդհակառակն, ինչ որ ուզում եմ սիրով տալիս է, բայց ես ամաչում եմ։

Այնժամ խոստովանահայրն ասում է.

Եթե ես քեզ տայի, կամաչեի՞ր։

Պատասխանում է.

Ո՛չ:

Եվ նա ասում է.

Ուրեմն արի ինձ մոտ և առ, ինչ կամենում ես և մի գողանա։

Ու նա գալիս էր նրա մոտ և ուզածն առնում։

Շուտով կրկին սկսեց գողանալ և գալով խոստովանահոր մոտ, տխուր ու վշտագին ասում է.

Հայր, ես նորից գողանում եմ։

Եվ նա ասում է.

Ինչո՞ւ, սիրելիս, քո ո՞ր ուզածը չեմ տալիս։

Ոչինչ,— ասում է նա։

Խոստովանահայրն ասում է.

Բա ինչո՞ւ ես գողանում:

Պատասխանում է.

Թողություն արա, չգիտեմ, թե ինչու եմ գողանում։ Իսկ նա հարցնում է.

Ասա ինձ, ի՞նչ ես անում այն, որ գողանում ես։

Ավանակներին եմ տալիս,— պատասխանում է սա։ Պարզվեց, որ գողանում էր բակլա, սիսեռ, սոխ, թուզ, չամիչ և սրանց նման այլ բաներ, ինչ պատահեր, և այդ ամենի կեսը ուրիշ տեղ պահում էր և երբ չգիտեր, թե ինչ անի, ավանակի և այլ անասունների առաջ էր դնում։

Եղբայրներ, տեսեք, թե ինչպիսի թշվառություն է վատ սովորույթը, որ եթե մեկը որևէ ախտի հետևի, անպայման մեղքերին գերի կդառնա։