суббота, 12 октября 2013 г.

Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ



    Փիլիսոփա, հասարակական գործիչ, բանաստեղծ-երաժիշտ, Հայոց կաթողիկոս: Ապրել և ստեղծագործել է 5-6-րդ դարերում: Նա իր «Սահմանք իմաստության» աշխատությունում նորպլատոնականության դիրքերից քննել է իմացաբանական տարբեր հարցեր և հռչակ է վայելել ոչ միայն հայ, այլև հույն և հռոմեացի փիլիսոփաների շրջանում:

  Ըստ ավանդության, Դավիթ Անհաղթը բազմաթիվ երգեր է հորինել եկեղեցու համար։ «Սահմանք իմաստասիրութեան» մեջ կան երգ–երաժշտությանը վերաբերող, թեև ոչ ծավալուն, բայց նշանակալից ասույթներ, որոնք առիթ են տվել զանազան մեկնությունների և, այդպիսով, խթանել ազգային երաժշտագիտության զարգացմանը։ Տեսության մեջ Դավիթ Անհաղթը ձայների հարաբերությունները հանգեցնելով քանակային հարաբերությունների՝ հիմնավորել է քանակի կատեգորիայի խաղացած վճռական դերը երաժշտության մեջ, որով և վերջինս կապվում է թվաբանության, երկրաչափության և աստղաբաշխության հետ։ Դավիթ Անհաղթը հայ միջավայրում ընդունելի է դարձրել երաժշտության տեսության ուսուցումը բարձրագույն կրթական ծրագրերով նախատեսելու գաղափարը։


Ս. Մովսես Քերթող

          Մովսես Քերթողը 8-րդ դարի եկեղեցական գործիչ, խոշոր քերական, հոգևոր երգերի հեղինակ։   Ըստ Ստեփանոս Օրբելյան պատմիչի, Մովսես եպիսկոպոս Քերթողը Սյունիքի մետրոպոլիտ է եղել 722-729թթ.:   Լինելով Շաղատի վարդապետարանի շրջանավարտ և նրա սյուներից մեկը, նա ուսուցիչը դարձավ Ստեփանոս Մեծ Սյունեցու, որի կրթության ու դաստիարակության խնդրին առանձնահատուկ նշանակություն է տվել։ 
     Մովսես Քերթողը հայտնի է որպես խոշոր քերական, ինչպես նաև հոգևոր երգերի հեղինակ և թարգմանիչ։ Ն. Ադոնցը Մովսես Քերթողին դնում է հույն քերական Դիոնիսիոս Թրակացու (մ.թ.ա. 2-1-ին դար) «Քերականական արվեստ» աշխատության հայ նշանավոր մեկնիչների շարքում։ 

       Իսկ այդ երկը հայերեն էր թարգմանվել 5-րդ դարում և հիմք հանդիսացել հայերենի ուսումնասիրության տեսության մշակման և հայ քերականական ուսմունքի ստեղծման ու զարգացման համար։ Մովսես Քերթողը իր մեկնության մեջ անդրադարձել է հայերենի հնչունաբանությանը, դասակարգել խոսքի մասերը, ըստ այդմ` առաջնայինը համարելով գոյականը (անունը)` որպես էության արտահայտություն, ուստի և բայը ստրոդասել է նրան։ Վերլուծել է նաև հոլովների, հոլովումների, բառաբարդման, ձևի քերականական հասկացության հետ կապված և մի շարք այլ հարցեր։

Комментариев нет:

Отправить комментарий