Առակ` «Գող կրոնավորը»
— Հա՛յր, թողություն արա ինձ և աղոթիր ինձ համար, քանի որ գողանում ու թաքուն ուտում եմ։
— Ինչո՞ւ ես այդ անում, սովա՞ծ ես մնում:
— Այո, այդպես է, չեմ բավարարվում տրված կերակրով և չեմ համարձակվում նորից խնդրել:
Խոստովանահայրն ասում է.
— Ինչո՞ւ չես գնում վանահոր մոտ, որ պատմես նրան կարիքներդ։
— Ամոթը չի թողնում ինձ,— ասում է նա: Խոստովանահայրը հարցնում է.
— Ուզո՞ւմ ևս, ես կասեմ վանահորը քո կարիքների մասին:
— Արա՛ ինչպես կամենաս,— պատասխանում է կրոնավորը:
Խոստովանահայրը գնաց առաջնորդի մոտ և պատմեց նրան։ Իսկ նա ասաց.
— Ինչպես քեզ լավ է թվում, արա։
Այն ժամանակ խոստովանահայրը, առնելով կրոնավորին, գնաց մառանապետի մոտ և ասաց.
— Այս եղբայրը ինչքան գա քեզ մոտ, կերակրիր` որքան կամենա և երբեք մի արգելիր։ Եվ նա այդպես էր անում։
Դարձյալ մի քանի օր հետո կրոնավորն եկավ խոստովանահոր մոտ և ասում է.
— Թողություն արա ինձ, հայր, դարձյալ գողանում ու թաքուն ուտում եմ։
Խոստովանահայրը հարցրեց նրան.
— Ինչո՞ւ ես այդ անում, տնտեսը մերժո՞ւմ է ինչ որ ուզում ես։
— Ո՛չ,— ասում է նա,— ընդհակառակն, ինչ որ ուզում եմ սիրով տալիս է, բայց ես ամաչում եմ։
Այնժամ խոստովանահայրն ասում է.
— Եթե ես քեզ տայի, կամաչեի՞ր։
Պատասխանում է.
— Ո՛չ:
Եվ նա ասում է.
— Ուրեմն արի ինձ մոտ և առ, ինչ կամենում ես և մի գողանա։
Ու նա գալիս էր նրա մոտ և ուզածն առնում։
Շուտով կրկին սկսեց գողանալ և գալով խոստովանահոր մոտ, տխուր ու վշտագին ասում է.
— Հայր, ես նորից գողանում եմ։
Եվ նա ասում է.
— Ինչո՞ւ, սիրելիս, քո ո՞ր ուզածը չեմ տալիս։
— Ոչինչ,— ասում է նա։
Խոստովանահայրն ասում է.
— Բա ինչո՞ւ ես գողանում:
Պատասխանում է.
— Թողություն արա, չգիտեմ, թե ինչու եմ գողանում։ Իսկ նա հարցնում է.
— Ասա ինձ, ի՞նչ ես անում այն, որ գողանում ես։
— Ավանակներին եմ տալիս,— պատասխանում է սա։ Պարզվեց, որ գողանում էր բակլա, սիսեռ, սոխ, թուզ, չամիչ և սրանց նման այլ բաներ, ինչ պատահեր, և այդ ամենի կեսը ուրիշ տեղ պահում էր և երբ չգիտեր, թե ինչ անի, ավանակի և այլ անասունների առաջ էր դնում։
Եղբայրներ, տեսեք, թե ինչպիսի թշվառություն է վատ սովորույթը, որ եթե մեկը որևէ ախտի հետևի, անպայման մեղքերին գերի կդառնա։
Комментариев нет:
Отправить комментарий