среда, 2 октября 2013 г.

Իսկ թե ինչո՞ւ է Խաչը քառաթև


     Նախ՝ որ փրկություն է աշխարհի չորս ծագերի համար։
     Երկրորդ՝ որովհետև սրբություն է հոգու չորս առաքինությունների համար: 

    Վերինը՝ խոհեմության, ներքինը՝ արիության, աջը՝ արդարության, իսկ ձախը՝ ողջախոհության։ 
    Նաև վերին մասը սերն է, ներքինը՝ խոնարհությունը, աջը՝ հնազանդությունը, իսկ ձախը՝ համբերությունը։
    Երրորդ՝ մաքրություն է մեղքերից՝ մարմնի չորս տարրերի համար։
    Չորրորդ՝ որովհետև Եզեկիել մարգարեն տեսավ չորեքկերպյան աթոռը և Մարդու Որդուն նրա վրա, որ նշանակում է Խաչը և Քրիստոս նրա վրա։
   Հինգերորդ՝ որովհետև նրա միջոցով փրկվածները չորս հատկություններով են տարբերվում՝ երկնավոր և երկրավոր, կենդանության և մահվան։
    Վեցերորդ՝ քանզի չորս զգայարանների պահապանն է չորս տարերքներից։ Իսկ Խաչի «աչքը», որտեղ միահյուսվում են Խաչի չորս թևերը, զգայությունների միաձուլումն է։
   Յոթերորդ՝ նշանակում է մեր ընկնելը դրախտից երկիր, որովհետև աջում էինք, թեքվեցինք դեպի ձախ։
    Ութերորդ՝ որովհետև ունի օրենքների չորս կարգը. նախ՝ բնականը, որը տրվեց Ադամին, ապա բանականը՝ Աբրահամին, այնուհետև՝ գրավորը, Մովսեսին, և չորս Ավետարանները, որոնք Խաչի միջոցով տրվեցին։
  Իններորդ՝ մարդու երկյուղի նշանակն է տարիքային չորս հասակներում՝ մանկության, երիտասարդության, հասունության և ծերության։
   Տասներորդ՝ Խաչի գլուխն ու պատվանդանը նշանակում են Քրիստոսի Աստվածությունն ու մարդեղության միավորումը, որոնք խաչվել են Նրա մեջ։ 
Աջը՝ արդարների շնորհաբաշխումն է նշանակում, իսկ ձախը՝ դևերի սաստումը։

=====================================================================================

Իսկ թե ինչո՞ւ է միայն Խաչի ձևը պաշտելի 

     Չէ՞ որ նաև գամվեց, գլխին փշե պսակ դրվեց, գեղարդով խոցվեց և այլն, սակայն դրանցից ոչ մի ձև չպաշտվեց, այլ միայն Խաչն է պաշտելի։ 
    Դավիթ Անհաղթը ասում է, որ Խաչը Քրիստոսի ձևը ունի, Քրիստոս ամեն պահ նրա վրա է և երբեք չի զատվում նրանից։
    Խաչը, որ անցյալում համարվում էր դատապարտության գործիք, այժմ պատճառ է փրկության, որովհետև մեր Տերը բևեռվելով նրան միացավ։
    Խաչը՝ երկնքի բևեռներն են և երկրի հաստատությունը։
    Խաչը՝ նահապետների ցանկությունն է և մարգարեների կանխասացությունը։ 
    Խաչը՝ առաքյալների քարոզությունն է և հայրապետների դավանությունը։ 
    Խաչը՝ մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը։ 
    Խաչը՝ թագավորների թագն է և իշխանների իշխանությունը։ 
    Խաչը՝ կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը։ 
    Խաչը՝ այրերի շնորհն է և կանանց բարեզարդությունը։ 
    Խաչը՝ ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստությունը։ 
    Խաչը՝ կենաց ծառն է և անմահության պտուղը։ 
    Խաչը՝ անմեղների խրատն է և մեղավորների քավիչը։ 
    Խաչը՝ մոլորվածների ճանապարհն է և խավարյալների ճառագայթը։ 
    Խաչը՝ նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը։ 
    Խաչը՝ սանդարամետականների սարսափն է և երկրայինների սաստողը։ 
    Խաչը՝ Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը։ 
    Խաչը՝ հոգևոր զենք է և չբթացող սուր։ 
    Խաչը՝ դժոխքի ավերողն է և գերյալներին ազատողը։ 
    Խաչը՝ գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը։ 
    Խաչը՝ դրախտի դռներ բացողն է և արքայությունը՝ ժառանգություն տվողը։                                     Խաչը՝ Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը։ 
    Խաչը՝ անհավատների կուրությունն է ու հավատացյալների զորությունը:
   Խաչը իր երկրպագուներին պայծառեցնելով կկանգնեցնի Քրիստոս Աստծո աջ կողմում, որին փառք հավիտյանս. ամեն։


Комментариев нет:

Отправить комментарий