Ս. ԱԹԱՆԱՍ, Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Ս. ԳՐԻԳՈՐ ԱՍՏՎԱԾԱԲԱՆ
Ս. Աթանասը ծնվել է Ալեքսանդրիայում շուրջ 296 թ., քրիստոնյա ընտանիքում։ Նա կրթություն է ստացել Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսի հովանու ներքո։ 319 թ. ձեռնադրվել է սարկավագ և ակտիվորեն մասնակցել արիոսականության դեմ պայքարին։
325 թ. իր եպիսկոպոսի հետ մեկնում է Նիկիա՝ մասնակցելու Առաջին Տիեզերական ժողովին։ 5 ամիս անց մահանում է Ալեքսանդրը, որը մահվան մահճում իրեն հաջորդ է առաջարկում Աթանասին, ով 326 թ. միաձայն ընտրվում է պատրիարք։
Աթանասը բազմաթիվ երկերով մերկացնում է Արիոսի սուտ ուսմունքը։ Չարացած արիոսականներն ամբաստանում են Աթանասին Կոստանդին Մեծ կայսեր առջև՝ մեղադրելով նրան կայսրության թշնամիների հետ հարաբերվելու մեջ։ Աթանասին աքսորի են դատապարտում։
Ընդհանուր առմամբ նա աքսորում անցկացնում է քսան տարի՝ դատապարտված լինելով չորս անգամ։ Արքեպիսկոպոսի բացակայության ընթացքում նրա հոտն այնքան փորձությունների է ենթարկվում, որ նրա աքսորը հավատավոր հոտը համարում է իր սեփականը։
Ս. Աթանասը վախճանվում է հովվապետական 47-ամյա ծառայությունից հետո՝ 373 թ. մայիսի 2-ին։
Ս. Կյուրեղ Աղեքսանդրացին ծնվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս) 374 թ.։ 412 թ. նա դառնում է Ալեքսանդրիայի պատրիարք։
Պայքարել է նեստորականության դեմ։ Նախագահել է Երրորդ Տիեզերական ժողովը (Եփեսոս, 431 թ.), որտեղ դատապարտվում է Նեստորն իր ուսմունքով հանդերձ։
Գրել է բազմաթիվ մեկնողական և ջատագովական աշխատություններ։ Մահացել է 444 թ.։
Ս. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թ. Կապադովկիայի Նազիանզա գյուղաքաղաքի Արիանզա գյուղում։ Եղել է Նազիանզայի Գրիգոր եպիսկոպոսի (326-374) որդին։ Միջնակարգ կրթությունն ստացել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։
350 թ. նա մեկնում է Աթենք, ուր Բարսեղ Կեսարացու հետ միասին 5 տարի ուսանում է անտիկ փիլիսոփայություն և հռետորական արվեստ։ Ինչպես վկայում է Ս. Գրիգոր Աստվածաբանը, Աթենքում 2 ընկերները միայն 2 ճանապարհ գիտեին. մեկը, որ տանում էր դեպի դպրոց, իսկ մյուսը՝ ավելի թանկագինը՝ դեպի եկեղեցի։
Վերադառնալով Նազիանզա՝ մկրտվում է իր հոր կողմից։ 360 թ. մեկնում է Պոնտոս և նվիրվում ճգնողական կյանքին։ Սակայն շուտով ստիպված է լինում վերադառնալ՝ օգնելու իր ծեր հորը արիոսականության դեմ պայքարելու գործում։ 361 թ. հոր՝ Գրիգոր եպիսկոպոսի կողմից ձեռնադրվում է քահանա, իսկ 372 թ. Ս. Բարսեղ Կեսարացու ձեռամբ՝ եպիսկոպոս Սասիմա քաղաքի վրա:
381 թ. Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի առաջին իսկ նիստում Գրիգորն ընտրվում Է Կ. Պոլսի պատրիարք: Մելետիոս Անտիոքացու մահից հետո Նազիանզացին հաջորդում Է նրան Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի նախագահական աթոռի վրա:
Մահացել Է 389/390 թթ.:
Комментариев нет:
Отправить комментарий