Ս. Ներսես Դ Կլայեցի (ՇՆՈՐՀԱԼԻ)
Սուրբ Ներսես Շնորհալի (Ներսես Դ (Կլայեցի, Երգեցող)) (1102-օգոստոսի 13, 1173), հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։
Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ եղբորը: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում:
Ներսես Շնորհալին թողել է գրական հարուստ ժառանգություն՝ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և չափածո (շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, հանելուկներ, վիպերգական, վիպաքնարական բնույթի քերթվածներ են): Արձակից մասնավորապես հայտնի է «Թուղթ ընդհանրականը» (1166, հրտ. 1788):
Ներսես Շնորհալին կամ Երգեցողը հայ երաժշտության կիլիկյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչն է, և առհասարակ ֆեոդ. Հայաստանի մասնագետ բանսատեղծ-երաժիշտներից մեծագույնը, որն իր արվեստի խորքով, տարողությամբ ու արժեքով դուրս է գալիա հայ իրականության սահմաններից ու դառնում համաքրիստոնեական (մանավանդ՝ արլ. քրիստոնեական) քաղաքակրթության խոշոր երևույթներից մեկը:
Պահպանված գրական ու երաժշտ. շատ նյութեր, ձեռագրական փաստեր ցույց են տալիս, որ Շնորհալին եղել է ոչ միայն բազմարդյուն երգահան, այլև ժամանակի լավագույն երգիչ-կատարողներից մեկը, գեղագետ, տեսաբան, ուսուցիչ, բարենորոգիչ, իսկ որպես ստեղծագործող հորինել է հոգևոր (եկեղեցական), արտապաշտամունքային ու, ամենայն հավանականությամբ, նաև աշխարհիկ երգեր: Նրա «Յիսուս որդի» ծավալուն պոեմն անցյալում եղանակավոր (ասերգի ձնով) պատմվել ու մի ամբողջ շարք հատվածներում էլ նաև երգվել է, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսը: Ըստ եղած տվյալների, Ներսես Շնորհալու աշխարհիկ երգերը պետք է որոնել գլխավորապես նրա հանելուկներում:
Ներսես Շնորհալին հայկ. միջնադարի այն մեծերից է, որը Գրիգոր Նարեկացու, Մանուել և Տրդատ ճարտարապետների, Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի նման հազվագյուտ արվեստագետների շարքում իր գործունեությամբ արժեքավոր ավանդ է մուծել Վերածննդի շրջանն ու դրան հատուկ հումանիզմի շարժումը հեռուներից նախապատրաստելու գործում:
Комментариев нет:
Отправить комментарий