пятница, 25 октября 2013 г.

24.10.13 - Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր




       Սբ. Խարիթյանք ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեհրան քաղաքում: VI դարում հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա` բնակիչներին հուդայական հավատին դարձնելու նպատակով: Խաբեությամբ գրավելով քաղաքը` հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին հրամայում են այրել խարույկի վրա, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին` բանտարկում: Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց` պահանջելով ուրանալ Քրիստոսին: Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են` ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն նրա` մահը ձեռքբերում է» և անվախ հանձնվում են տանջանքների: 
     Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին, և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում:

         Արտեմեան, Հուլիանոս Մեծի օրոք, թեև երիտասարդ, բայց առաքինի զորական էր կայսերական բանակում և հասել էր մինչև պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա, որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ: 
     Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցներին` Եվգենիոսին ու Մակարին, Արտեմեան համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում:
      Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և ամփոփվում Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոսում` Սբ. Պանտելեմոնի վանքում:

       Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն և Ակյուլինեն նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: 
       Սբ. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերեվարվում է, ծառայում հռոմեական բանակում և այդ ընթացքում քրիստոնյա դառնում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային չարչարանքները` նրա մեջ մեծ ցանկություն է առաջանում հանդիմանելու հեթանոսներին և քարոզելու ճշմարտությունը, սակայն հունարեն չիմանալու պատճառով ի վիճակի չի լինում: Սակայն աղոթքով Տիրոջից հունարեն խոսելու շնորհ է ստանում: Մի օր նկատում է, որ զինվորականները մի քրիստոնյայի են տանջում: Քրիստափորը հանդիմանում է նրանց և ազատում այդ քրիստոնյային: Քաղաքի դատավորը, իրազեկ դառնալով այս ամենին, 200 զինվոր է ուղարկում նրան ձերբակալելու, ովքեր, սակայն, ճանապարհին Քրիստափորի քարոզի և կատարած հրաշքի շնորհիվ նույնպես քրիստոնյա են դառնում: Երբ նրան դատավորի առջև են բերում, հանդիմանախառն պատասխաններ է տալիս, մերժելով դատավորի կռապաշտ դառնալու հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և բանտարկվում: 
     Ապա նրա մոտ են ուղարկում երկու պոռնիկ կանանց` Կալինիկեին և Ակյուլինեին, նրան գայթակղեցնելու համար: Սակայն վերջիններս նրա քարոզության միջոցով դարձի են գալիս: Զայրացած դատավորը նախ նահատակել է տալիս երկու կանանց, ապա` զինվորներին, որոնք բացահայտում են իրենց քրիստոնյա լինելը, և հետո գլխատում է ս. Քրիստափորին:
araratian-tem.am

Комментариев нет:

Отправить комментарий