четверг, 31 октября 2013 г.

ՇՆՈՐՔ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԽԱՉԻ ՄԱՍԻՆ


          «Նկատելի է, որ Խաչ բառը երբեք չի հիշատակվում Հին Կտակարանի մեջ, սակայն որպես համապատասխան մահապատիժ հիշատակվում է «փայտից կախել» բացատրությամբ: Օրինակ Պետրոս առաքյալը իր քարոզի մեջ ասում է. «Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Քրիստոսին, Որին դուք սպանեցիք փայտից կախելով»:
         Առանց մտնելու Խաչի ծագման մանրամասների մեջ, ասենք իբրև ծանրագույն մահապատժի գործիք, առավելաբար կիրառելի դարձավ հռոմեական կայսրության մեջ: Առհասարակ այն գործադրվում էր ավազակների, ապստամբ գերիների ու գռեհիկ հանցապարտների հանդեպ: Այդ պատիժը արգելված էր հռոմեական քաղաքացիության մենաշնորհին արժանացած անձերի հանդեպ, հոգ չէ թե որքան էլ ծանր եղած լիներ նրանց հանցանքը: Այդ պատճառով երբ Պետրոս և Պողոս առաքյալները ձերբակալվեցին Հռոմի մեջ, երկուսին էլ միևնույն հանցանքի համար, այսինքն քրիստոնեությունը քարոզելու համար, Պետրոսը գլխիվայր խաչվեց, իսկ Պողոսին գլխատեցին, որովհետև նա հռոմեական քաղաքացի էր:
         Խաչելը, իբրև ծանրագույն պատիժ, շարունակվեց հռոմեական կայսրության մեջ, մինչև Կոնստանդիանոս Մեծի ժամանակները, որը քրիստոնեությունը ազատ կրոն հռչակելուց հետո, ի հարգանք Քրիստոսի, արգելեց Խաչի պատիժը:
       Խաչելու երկու ձևեր կան. կամ նա՛խ խաչն են տնկում ու հանցապարտին սանդուխքով հանում են վրան ու նոր գամում փայտին, իսկ մյուսը, դեռ գետնի վրա գամելով, խաչը անգութ ցնցումներով բարձրացնում են ու ամրացնում նախապես բացված անցքի մեջ: Խաչելության ժամանակ առհասարակ մերկացնում են մահապարտներին, իսկ մարմինները խաչի վրա մնում էին իբրև կեր գիշատիչ գազաններին, կամ թռչուններին: Երբեմն էլ մահապարտները օրերով կենդանի են մնում, և իբրև վերջին շնորհ, նրանց ծնկներն են կոտրում, որ մեռնեն:
   Խաչերը գլխավորապես լինում են երեք տեսակի. առաջին տեսակը բազմապատկման կամ եվրոպական «X» տառի նման է, որը հայտնի է ս. Անդրեասի Խաչ անունով, որովհետև ըստ ավանդության Անդրեաս առաքյալը այդպիսի Խաչի վրա է կնքել իր մահկանացուն: Այս դեպքում գործածվում են չորս գամեր: Երկրորդը նման է եվրոպական մեծատառ «T» տառին. սա հայտնի է որպես եռաթև Խաչ անունով: Իսկ երրորդը մեզ բոլորիս ծանոթ քառաթև Խաչն է, այսինքն մեկը մյուսից կարճ երկու փայտերի խաչաձև ագուցումն է, պայմանով, որ, վերևի մասերը քիչ, թե շատ իրար հավասար լինեն, իսկ ներքևի մասը՝ կամ խաչբունը, գետնի վրա է ամրացվում, և պետք է կրնակի երկար լինի մյուսներից: Քառաթև Խաչը գործածվում էր այն ժամանակ, երբ մահապարտի անունն ու հանցանքը պետք է արձանագրեն գլխավերևում: Քրիստոսի Խաչափայտը քառաթև տեսակից էր, իսկ գլխավերևում գրված էր. «Հիսուս Նազովրեցի թագավոր հրեաների»:
       Ներկայումս Քրիստոսի Խաչափայտը մասնատված է Կաթոլիկ, Ուղղափառ և Արևելյան ազգային եկեղեցիների միջև: Ենթադրվում է, որ միայն Հայաստանյաց եկեղեցին ունեցել է ավելի քան հարյուր մասունք:
     Եվրոպացի մի գիտնական՝ Ռոհուլդ դը Ֆլեորի անունով, հատուկ ուսումնասիրել է Քրիստոսի Խաչափայտի պատմությունը, և գրել «Հիշատակարան չարչարանաց գործիքների մասին» գիրքը. (1870թ. Փարիզ): Հեղինակը մեծ բծախնդրությամբ և հմտությամբ, կազմել է աշխարհին հայտնի Խաչի բոլոր մասունքների ցանկը: Շնորհիվ այդ աշխատանքի նրան հաջողվել է ապացուցել, որ սխալ է մի շարք բողոքական ու նյութապաշտ հեղինակների այն կարծիքը, իբր, եթե Խաչի կտորները կողք կողքի դրվեն, ապա «հավասար պետք է լիներ մի մարտանավի ծավալին»: Ընդհակառակը, այդ հաշվարկների համաձայն, ունեցած հայտնի մասունքները հավասար չէ անգամ սովորական խաչի քառորդ ծավալին, որի մեծ փայտի երկարությունը երեք-չորս մետր է, լինում, իսկ փոքրինը՝ երկու:
     Ենթադրելով, որ Քրիստոսի Խաչը պատրաստված է մայրու ծառից, գիտնականները հաշվել են, որ այն ունեցել է մոտ 75 կիլոգրամ քաշ»:

Комментариев нет:

Отправить комментарий