суббота, 26 октября 2013 г.

Ս. ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ


         Սուրբ Գրիգոր Նյուսացին Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից, Հայ առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով: Սերել է քրիստոնեական բարեպաշտությամբ, կենցաղավարությամբ և առաքինությամբ հռչակված մեծահարուստ և ազնվական ընտանիքից: Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրը, որին համարել է իր ուսուցիչն ու դաստիարակը:
     Գրիգոր Նյուսացին, Բարսեղ Կեսարացին և Գրիգոր Նազիանզացին Ընդհանրական եկեղեցու և համաքրիստոնեական աստվածաբանական մտքի պատմության մեջ հայտնի են «կապադովկյան հայրեր» կամ «երեք մեծ կապադովկիացիներ» անունով: 
      Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա Պաղեստինյան Կեսարիայի հանրահայտ դպրոցում` հմտանալով ճարտասանության և իմաստասիրության մեջ: Պատրաստվել է դառնալ աշխարհիկ հռետոր, տնօրինել հայրական կալվածքը, սակայն եղբոր` Բարսեղ Կեսարացու, և հատկապես Գրիգոր Նազիանզացու հորդորներով դարձել է հոգևորական (ձեռնադրել է Բարսեղ Կեսարացին), 371-ից անցել եկեղեցական գործունեության:
       Հեռացել է անապատ, այնտեղ խորացրել կրոնական գիտելիքները: Եղել է հայաբնակ Նյուսա գյուղի (372–379) և Սեբաստիա քաղաքի (380-ից) եպիսկոպոսը: Գրիգոր Նյուսացին անդուլ պայքար է մղել արիոսականության դեմ, ինչի համար հալածվել է. արիոսամետ Վաղես կայսրը նրան աթոռազրկել է և աքսորել: 
       Գրիգոր Նյուսացին մասնակցել է 379-ին Անտիոքում գումարված ուղղափառ եպիսկոպոսների ժողովին: Ժողովի որոշումով որպես թեմական քննիչ և տեսուչ ուղարկվել է Պոնտոսի, Պաղեստինի և Արաբիայի թեմերը` ամրապնդելու ուղղափառության դիրքերը, զսպելու արիոսականների և մյուս հերետիկոսների անկարգությունները:
      Գրիգոր Նյուսացին մասնակցել է Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովին (381) և Գրիգոր Նազիանզացու հետ վճռական դեր խաղացել Նիկիական հանգանակը պաշտպանելու և Մակեդոնի հերձվածը դատապարտելու գործում:
      Գրիգոր Նյուսացին թողել է մատենագրական հարուստ ժառանգություն: Աշխատությունները շարադրել է կյանքի վերջին տարիներին` 380–394-ին: Ի տարբերություն Կապադովկիայի եկեղեցու մյուս նշանավոր հայրապետների հոգևոր ժառանգության, նրա երկերը հատկորոշվում են վառ արտահայտված խորհրդապաշտական ուղղվածությամբ: Գրիգոր Նյուսացու դավանաբանական գրվածքների մեծ մասը հակաճառական բնույթի է` ուղղված ընդդեմ ժամանակի հերետիկոսների: 
     Գրիգոր Նյուսացին ներկայացրել է քրիստոնեական հրամանակարգ վարդապետության հիմնական կետերը, խոսել Ս. Երրորդության, Արարչագործության, Մարդեղության և Փրկագործության մասին: Գրիգոր Նյուսացու գրչին են պատկանում նաև Աստվածաշնչի մեկնություններ, որոնք հիմնականում այլաբանական խորհրդածություններ են: Գրել է սաղմոսների երկու մեկնություն, սաղմոսները գնահատել որպես կատարելության ու բարության հասնելու սանդուղքներ, ութ քարոզակերպ այլաբանական մեկնություններ Ժողովող գրքի վրա: Տասնհինգ ներբողներ է հորինել Երգ երգոցի, 5 աղոթքներ` Տերունական աղոթքի կամ «Հայր մերի» վերաբերյալ, որոնցում դարձյալ շեշտը դրել է Ավետարանի բնագրի այլաբանական իմաստի վրա, 8 քարոզներ` նվիրված Ավետարանների «Երանի»-ներին, 2 մեկնություն` Բարսեղ Կեսարացու «Վեցօրեայք»-ին: 
        Գրիգոր Նյուսացու գործերի զգալի մասը հայերեն է թարգմանվել V–VIII դդ.: 
      Հայ եկեղեցին ս. Գրիգոր Նյուսացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ. հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը` «երկոտասան վարդապետաց» հետ:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий