ԳՅՈՒՏ ԽԱՉԻ ՏՈՆ
Հիսուսը դեռ երկրի վրա եղած ժամանակ, տեսնելով հրեաների անհավատությունն ու թշնամանքն Իր հանդեպ, Երուսաղեմի վրա լաց լինելով մարգարեացավ, որ այն պիտի ավերվի և ազգերի ոտքի կոխան պիտի լինի (Ղուկ. 21։24)։
Այդպես էլ եղավ: 68թ. Հռոմի Տիտոս կայսրը, շրջապատելով քաղաքը, ծնկի բերեց կատաղությամբ դիմադրող հրեաներին և բառիս բուն իմաստով, հրի և սրի մատնեց բոլորին, իսկ Սողոմոնի տաճարը հիմնահատակ քանդեց, որից մնաց որպես հուշ միայն պարսպի մի հատված, որը կանգուն է մինչև այսօր։ Այն կոչվում է «Լացի պատ», քանի որ այնտեղ բարեպաշտ հրեաները ամեն տարի այդ օրը լաց են լինում տաճարի կործանման համար։
Քաղաքը 70 տարի ավերակ մնաց, որից հետո հռոմեացիներն այն վերակառուցեցին որպես հեթանոսական քաղաք՝ Էլիա Կապիտոլինա նոր անունով, և իրենց չաստվածների կուռքերով լցրեցին։ Ու բնական է, որ այդ տարիներին հնարավոր չէր բացել քրիստոնեական սրբավայրերը, ինչը տևեց մինչև չորրորդ դար, երբ Կոնստանդիանոս կայսրը, ընդունելով քրիստոնեությունը, հավատքի ազատություն հռչակեց։
Կայսրի մայրը բարեպաշտ ու քրիստոնյա կին էր, ու փափագում էր ուխտի գնալ Երուսաղեմ՝ Տիրոջ անունով կոչված սրբավայրերը վերաբացելու համար։ Եվ երբ Երուսաղեմ գալով տեղում սկսեց փնտրել Քրիստոսի Խաչափայտը, ապա մեծ դժվարությունների հանդիպեց, քանի որ հրեաները թշնամացած էին քրիստոնյաների դեմ և այդ պատճառով թաքցրել են հրաշագործ Փայտը։ Թագուհուն հայտնեցին, որ Տիրոջ սուրբ Խաչի տեղը մի հրեա մարդ գիտի՝ Հուդա անունով, բայց նա հրաժարվում է հայտնել այն։ Իր ունեցած իշխանությամբ, Հեղինե թագուհին բանտարկել է տալիս նրան և համառ ջանքերից հետո հաջողվում է նրանից իմանալ Խաչի տեղը։
Որպեսզի պեղումները արագանան, թագուհին փորված հողի մեջ արծաթ ու ոսկի դրամներ էր շաղ տալիս աշխատանքը աշխուժացնելու համար։ Ի վերջո երեք խաչ են գտնում այդ փոսի մեջ, բայց Քրիստոսի Խաչի պատկանելիությունը ոչնչով չէր փաստվում։
Բայց թագուհու մոտ ներշնչում եկավ Աստծուց, և երբ մի պատանի էին տանում թաղելու, նա հրամայեց մեռյալին բերել ու դնել խաչերից յուրաքանչյուրի վրա առանձին, առանձին։ Երրորդ Խաչի վրա դնելուց հետո, ի զարմանս բոլորի և ի ուրախություն սգացող հարազատների, հանկարծ պատանին կենդանանում է։ Այդպիսով գտնելով Քրիստոսի Խաչափայտը, այն նորից տանում, զետեղում են Գողգոթա լեռան վրա։
Խաչի այս գյուտը տեղի ունեցավ 326 թվականին և այդ ժամանակվանից ի վեր բոլոր առաքելահիմք եկեղեցիները տոնում են այդ օրը։
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Որպես ի գիտություն ասենք, որ Գյուտ Խաչի սրահը այժմ գտնվում է Երուսաղեմի սուրբ Հարության Տաճարի, մեր Գրիգոր Լուսավորչի սրահին կից, որի պատերը ամբողջովին ծածկված են հայ ուխտավորների ինքնությունը հաստատող «ստորագրություններով», փորագրված Խաչերով, կնիքն ու հաստատումն այն իրողության, որ մենք առաջին Խաչակիր ազգն ենք: Իսկ այն տեղը, որտեղից Հեղինե թագուհին հետևել է պեղումներին, այժմ պատկանում է Երուսաղեմի մեր սուրբ Հակոբյանց միաբանությանը, որոնք Գյուտ Խաչի տոնի օրը, պատարագի ժամանակ իջնում են այդ վայրը, այդ նույն տեղում դնելով մեր եկեղեցու սեփականությունը եղող սուրբ Խաչի մասունքների գեղեցկազարդ ճաճանչափայլը: Իսկ պատարագից հետո տոնական թափորով ու շարականների ուղեկցությամբ, այն տանում են պտտեցնելու Տաճարի սրբատեղերով, իսկ վերջում Տիրոջ սուրբ Գերեզմանի շուրջը:
Մեհրուժան Վազգենի Բաբաջանյան
«ԽԱՉԱՊԱՏՈՒՄ»
«ԽԱՉԱՊԱՏՈՒՄ»
Комментариев нет:
Отправить комментарий